Արմեն Սարգսյանն ու Սերջո Մատարելլան քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Արմեն Սարգսյանն ու Սերջո Մատարելլան քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր գործընկերոջ՝ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ հանդիպմանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին իր գնահատականը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակել աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: 

«Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը։ Մեծապես գնահատում ենք Իտալիայի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ՌՕՔԵՄՓ (Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոն) ծրագրին աջակցությունը և այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը՝ և Հայաստանում, և այլուր», - ասաց Արմեն Սարգսյանը:

Հայաստանը շնորհակալ է բարեկամ Իտալիային՝ մարդու իրավունքների հարցերում նրբազգացություն դրսևորելու համար։ Արմեն Սարգսյանի խոսքով, Հայաստանը բարձր է գնահատում մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

«Ողջունում ենք նաև Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը՝ ի պաշտպանություն Արցախի և նրա ժողովրդի։ Կարևորում ենք հրադադարի հաստատումից հետո իտալացի մասնագետների առաքելության մասնակցությունը հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման գործընթացին, ինչպես նաև՝ անմիջական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ»,- նշեց Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահը պետական այցով Իտալիայում է։ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 17-ին: Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում