Իսրայելի ՊՆ-ն կտրուկ կրճատել է երկրների թիվը, որոնց իսրայելական ընկերությունները կարող են կիբեռտեխնոլոգիա վաճառել
Իսրայելի պաշտպանության նախարարությունը կտրուկ կրճատել է այն երկրների թիվը, որոնց իսրայելական ընկերությունները կարող են կիբեռտեխնոլոգիա վաճառել՝ իսրայելական NSO Group լրտեսական ընկերության համար գլոբալ հետեւանքների ֆոնին, գրում է Times os Isreal-ը։
Calcalist օրաթերթի տվյալներով՝ նոյեմբերի թարմացված ցուցակը ներառում է 37 երկիր՝ 102-ի փոխարեն։
Նշվում է, որ մարդու իրավունքի ոլորտում կասկածելի վարկանիշ ունեցող երկրները, այդ թվում՝ Իսրայելի նոր դաշնակիցներ Մարոկկոն եւ ԱՄԷ-ն, հանվել են ցուցակից։ Այլ երկրների թվում են Սաուդյան Արաբիան եւ Մեքսիկան:
Սաուդցիներն օգտագործել են Pegasus NSO լրտեսող ծրագիրը՝ Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոգջիին լրտեսելու համար, ով սպանվել էր 2018 թվականին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում։ Մեքսիկան եւս օգտագործել է տեխնոլոգիան լրագրողներին եւ ակտիվիստներին հետեւելու համար:
Այնուամենայնիվ, Հնդկաստանը, որը նույնպես մեղադրվում է լրագրողներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին եւ ակտիվիստներին լրտեսելու համար NSO տեխնոլոգիան օգտագործելու մեջ, շարունակում է մնալ թարմացված ցուցակում։
Ակնկալվում է, որ նոր կանոնները ծանր հարված կհասցնեն Իսրայելի կիբեռտեխնոլոգիական ոլորտին:
Pegasus-ի առաջատար լրտեսող ծրագրերը համարվում են շուկայում առկա կիբեռհսկողության ամենահզոր գործիքներից մեկը, որը օպերատորներին հնարավորություն է տալիս արդյունավետորեն վերահսկել թիրախի հեռախոսը, ներբեռնել բոլոր տվյալները սարքից կամ ակտիվացնել նրա տեսախցիկը կամ խոսափողը առանց օգտատիրոջ իմացության։
Կարծիքներ