ՌԴ-ն շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար. Զախարովա
Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ կենտրոնացել է բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն իրականացնելու վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան ընդգծել է, որ համաձայնեցված եռակողմ ձևաչափերի շրջանակում աշխատանքն առարկայական բնույթ է կրում: Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները, որին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում ՌԴ-ն:
Ինչ վերաբերում է ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խմբի ձևավորման մասին լուրերին, Զախարովան նշել է, որ ՌԴ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի ստացել հայ և ադրբեջանցի գործընկերների կողմից։
«Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով: Մեր կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը նպաստելու ռեալ ցանկության հետ։ Դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելուն, որոնց տակ ոչինչ չկա: Մենք, որպես միջնորդներ, աշխատում ենք, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է բերում ու համապատասխան գնահատական ստանում կողմերից: Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են միջնորդներ, այդպիսին չլինելով, պարզապես ոչինչ առաջարկելու ունակ չեն»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Թուրքիայի Հանրապետության առեւտրի փոխնախարար, մաքսային բաժնի ղեկավար Ռեզա Թունա Թուրագայի հայտարարությանը, որում նա հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի՝ մոտ օրերս բացվելու մասին՝ ակնարկելով Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին:
«Ես տեղեկություններ չունեմ Թուրքիայի առեւտրի նախարարության եւ ռուս գործընկերների շփումների մասին: Կարող եմ միայն ասել, որ Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Բաքվի եւ Երեւանի հետ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով, և աշխատանքը փաթեթային լուծում է ենթադրում կոնկրետ երթուղիների վերաբերյալ։ Դրանք պետք է հիմնված լինեն Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և հարգանքի սկզբունքների վրա ու նպաստեն տարածաշրջանի անվտանգությանն ու տնտեսական բարեկեցությանը»,- ասել է Զախարովան:
Կարծիքներ