Դաշնակիցների հետ կապված իրողություններից ելնելով պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնենք. Փաշինյան
Եվրոպական Խորհրդարանի Ձեր խոսքում Դուք նշեցիք, որ հիասթափված եք ձեր որոշ դաշնակիցների վարքագծից։ Կարո՞ղ եք ավելի մանրամասնել, ըստ Ձեզ, ՀԱՊԿ-ի ձեր պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես Ռուսաստանը, ի՞նչ պետք է աներ այլ կերպ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր արևմտյան դաշնակիցներից։
The Wall Street Journal-ի հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Մենք դրա մասին առաջին անգամ չէ որ խոսում ենք և խոսել ենք այն մասին, որ 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել:
Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար:
Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում:
Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»:
Կարծիքներ