Լույսը, որը դու էիր ճառագում, միշտ մեզ հետ կմնա. Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայկոյի մասին
Հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը, որը երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) վաղեմի ընկերն է, անդրադարձել է Հայկոյի մահվանը՝ «Ինստագրամի» իր պաշտոնական էջում գրելով, որ սիրում են Հայկոյին ու կսիրեն միշտ:
«Ընկերնե՛ր, կյանքից հեռացավ լավ մարդ, տաղանդավոր երգիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը: Նա ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի բոլոր երաժշտական գործիքավորումների հեղինակն է, հրաշալի երաժիշտ, կոմպոզիտոր, խարիզմատիկ երգիչ, 2007-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ: Նա կենսասեր, արևոտ, պայծառ մարդ էր, հուսալի ընկեր:
Չեմ կարողանում հավատալ, որ դու այլևս չկաս, և երբեք չեմ կարողանա համակերպվել դրա հետ: Ինչքան բան ենք միասին արել և ինչքան բանի միջով ենք անցել, Հայկո ջան. դառը րոպեներ և ոգևորող հաղթանակներ: Ամեն բան եղել է քո կյանքում: Իսկ հիմա դու չկաս: Ինչ սարսափելի է: Մեծ կորուստ է հայ մշակույթի համար: Մեծագույն կորուստ է ինձ համար: Հիշատակդ վառ: Այն լույսը, որը դու էիր ճառագում, միշտ մեզ հետ կմնա: Ես միշտ կհիշեմ քո ձայնը և քո ժպիտը: Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար: Երկնային արքայություն»,- գրել է Մարտիրոսյանը:
Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի դեմ:
Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ 2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստի կոչում: 2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Երաժշտություն է գրել նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդը», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։ 2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ Ունի մեկ որդի:
Կարծիքներ