Իրավիճակը, որում այժմ հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հայությունը` հիշեցնում է պատմության ամենամութ ժամերը. Մխիթարյան
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում կատարած գրառմամբ ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումներին:
«Տասն ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինվորականները սկսեցին գնդակոծել Լեռնային Ղարաբաղը: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ կարդում եմ պատմությունները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց, հազարավոր հայ ընտանիքների կորուստների և մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Իրավիճակը, որում այժմ հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հայությունը` հիշեցնում է պատմության ամենամութ ժամերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է հայ ֆուտբոլիստը:
Մխիթարյանը հիշեցրել է նաև պատմության էթնիկ զտման մութ էջերի, համակենտրոնացման ճամբարների մասին` ափսոսանքով, որ ոչ մեկ բավարար ջանք չի գործադրել կանգնեցնելու այն: Նա ընդգծել է, որ այժմ անկարելի է հետ բերել ոճրագործության զոհերին, սակայն կարելի է կանխել ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում:
«Այս սարսափելի պայմաններում անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքով արտակարգ մարդասիրական օգնություն հասցվի և միջազգային մոնիթորինգային առաքելություն տեղակայվի` մարդկության դեմ այդ հանցագործություններին վերջ տալու համար: Այժմ հրատապ է, որ միջազգային ղեկավարները դեմ արտահայտվեն էթնիկ զտումներին և օգտագործեն բոլոր հնարավոր քաղաքական լծակները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ տալու համար: Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»,-գրել է նա:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
Կարծիքներ