Արսեն Թորոսյանն ընդգծել է զբաղվածության ոլորտում սահմանված ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքների անհրաժեշտությունը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ զարգացման ծրագրի և Ավստրիայի զարգացման գործակալության համագործակցությամբ կայացել է Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրի և դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ քննարկումը։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից։
Միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Արտյոմ Սմբատյանը, զբաղվածության ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք գերատեսչությունների և գործընկեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Իր ողջույնի խոսքում նախարար Թորոսյանն ընդգծել է զբաղվածության ոլորտում սահմանված ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ հետևողական, թիրախային և երկարաժամկետ աշխատանքների անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարը նաև առանձնակի շեշտել է գործընկեր մարմինների և կազմակերպությունների հետ կառուցողական ու համակարգված համագործակցության շարունակականությունը։
«Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրի հիմնային սկզբունքները, կառուցվածքը, սահմանված առաջնահերթություններն ու արդյունքային շրջանակը։
Իր ելույթում բանախոսն ընդգծել է նաև չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճին, կանանց տնտեսական զորեղացմանը, աշխատաշուկայում նրանց ներուժի լիարժեք օգտագործմանն ու անապահով ընտանիքների կայուն աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը միտված ծրագրերի իրականացման կարևորությունը։
ՄԱԿ զարգացման ծրագրի Նորարարության և կայուն ֆինանսների պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը մանրամասնել է արդյունքահեն ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագիրը, խոսել թվային գրագիտության կարևորության մասին։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում մասնակիցները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկներով։


Կարծիքներ