Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 12-13-ն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանի Պունի քաղաքում՝ մասնակցելու G20 Digital Economy Working Group-ի հանդիպման շրջանակներում անցկացվելիք «Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք գագաթնաժողովին» (Global Digital Public Infrastructure (DPI) Summit)-ին:
Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից՝ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության միջև ստորագրվել է «Թվային փոխակերպումների համար բնակչության մասշտաբով իրականացված հաջող թվային լուծումների փոխադարձ տրամադրման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հնդկաստանի Հանրապետության էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության գլխավոր քարտուղար Ալկեշ Կուար Շարման:
Ստորագրված փաստաթղթով կողմերն արտահայտում են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը երկու երկրների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խթանման, տեխնիկատնտեսական հիմնավորման, արդիականացման գնահատման և թվային փոխակերպման լուծումների իրականացման ոլորտներում:
Գագաթնաժողովին նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդես է եկել ելույթի խոսքով, որում մասնավորապես նշել է.
«Այժմ մենք քննարկում ենք կարևոր թվային հանրային ենթակառուցվածքները և դրանց կարևորությունը այն մարդկանց համար, ովքեր կիրառում են դրանք: Մենք բոլորս պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ մասնակից ենք տեխնոլոգիաների ստեղծմանը, որոշ ժամանակ անց, միգուցե, այս տեխնոլոգիաները ինքնուրույն ստեղծեն իրենց տեխնոլոգիաները և սեփական լեզուն: Այստեղ են երկրներ, որոնք ունեն արհեստական բանականության ազդեցության դրական և բացասական փորձառություն: Եվ սա լավ առիթ է երկրների միջև ստեղծելու կոալիցիա՝ տեխնոլոգիաները կարգավորելու համար, և հարկ եմ համարում նշել, որ, այո՛, մենք ցանկանում ենք կարգավորել տեխնոլոգիաների կիրառությունը, բայց միևնույն ժամանակ չսահմանափակել դրանց զարգացումը և աճը: Ես տպավորված եմ, թե ինչպես են Հնդկաստանում, կիրառելով տեխնոլոգիաները, պայքարում աղքատության դեմ և ապահովում որակյալ ենթակառուցվածքների հասանելիությունը: Սա լավ օրինակ է, թե ինչպես պետք է աշխատենք և ինչի վրա կենտրոնանանք: Լիահույս եմ, որ միավորելով մեր ուժերը՝ կկարողանանք ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել մարդկության կենսակերպի բարելավմանը»:
Գագաթնաժողովի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպումներ կունենա Հնդկաստանի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, քննարկումներ կլինեն միջոցառմանը ներկա տարբեր պետությունների մասնակիցների միջև:
G20-ում Հնդկաստանի նախագահության տարում գագաթնաժողովը մի հարկի տակ է հավաքվել G20-ի անդամներին, հրավիրված երկրների, միջազգային կազմակերպությունների հայտնի փորձագետների, քաղաքականություն մշակողների և պրակտիկ մասնագետների, որոնք աշխատում են թվային կառավարման ոլորտում՝ կիսելու իրենց փորձը, ինչպես նաև ընդունելու թվային հանրային ենթակառուցվածքը՝ համաշխարհային թվային տնտեսությունը բարելավելու համար: Այն համահունչ է G20-ի «Մեկ երկիր, մեկ ընտանիք և մեկ ապագա» թեմային: Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա նաև համաշխարհային թվային հանրային ենթակառուցվածքների ցուցահանդեսը, որտեղ G20-ի անդամները և հրավիրված երկրները կցուցադրեն իրենց բնակչության մասշտաբի թվային հանրային ենթակառուցվածքների մասին տեղեկություն։
Կարծիքներ