Twitter-ին 150 միլիոն ԱՄՆ դոլարի տուգանք է սպառնում` գովազդի համար օգտատերերի տվյալների օգտագործման համար. ԶԼՄ-ներ
Ամերիկյան Twitter ընկերությունը կարող է առնվազն 150 միլիոն դոլար տուգանք վճարել ԱՄՆ առեւտրային դաշնային հանձնաժողովին (FTC)` օգտատերերի անձնական տվյալները նպատակային գովազդի համար օգտագործման համար: Այս մասին երկուշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ն իր էլեկտրոնային տարբերակում:
Ըստ պարբերականի` ընկերությունը ստացել է հանձնաժողովի` հուլիսի 28-ին կազմված բողոք հայցադիմումի նախագիծը: Փաստաթղթում նշվում է, որ 2013-ից մինչեւ 2019 թվականը Twitter-ն օգտագործել է անվտանգության նպատակով սոցցանցի օգտատերերի կողմից իրեն վստահված հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները: Հայցի լուծումը կարող է ընկերությանը 150-250 միլիոն դոլար տուգանք արժենալ, գրում է թերթը:
Twitter-ը մեղադրվում է 2011 թվականին ստորագրված անձնական տվյալների չբացահայտման մասին համաձայնագրի խախտման մեջ: Ընկերությունը պարտավորվել էր իր հաճախորդներին մոլորության մեջ չգցել այն հարցում, թե ինչպես է պաշտպանում օգտատերերի ոչ հանրային տեղեկատվության անվտանգությունը եւ գաղտնիությունը: Twitter-ը նաեւ պետք է հատուկ ծրագիր մշակեր, որը 10 տարի շարունակ ամեն տարի համաձայնագրին համապատասխանության աուդիտի անցկացում է նախատեսում: Ընկերությունում թերթին հաստատել են հայցադիմումի նախագծի ստացման փաստը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել է Bloomberg-ը, FTC-ն ստուգումներ կանցկացնի Twitter- ի` նպատակ ունենալով պարզել 2009-ին էջերի զանգվածային կոտրման հանգամանքները: Չարամիտներն այդ ժամանակ, մասնավորապես, կարողացել էին կոտրել Բարաք Օբամայի էջը: Նա այդ ժամանակ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ էր, բայց դեռ չէր ստանձնել այդ պաշտոնը: Հաքերները նրա Twitter-ի էջին շարք հաղորդագրություններ էին տեղադրել: FTC-ն դեպքրի առթիվ հետաքննություն էր անցկացրել ընկերության նկատմամբ եւ պարզել էր, որ դրա աշխատակիցները բավարար ուշադրություն չեն դարձրել օգտատերերի տվյալների պաշտպանությանը:
Կարծիքներ