Պոլիկլինիկաներում հերթերը կկառավարվեն ԱՐՄԵԴ-ի միջոցով․ ընդլայնվում են էլեկտրոնային առողջապահության թվային լուծումները

Պոլիկլինիկաներում հերթերը կկառավարվեն ԱՐՄԵԴ-ի միջոցով․ ընդլայնվում են էլեկտրոնային առողջապահության թվային լուծումները

Վերջերս շատ է խոսվում էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման ու դրա կարևորության մասին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնիսկ նշել էր, որ մինչև տարեվերջ  նախատեսում են բացառել թղթային դեղատոմսերի շրջանառությունը: «Արմենպրես»-ն այս  թեմայի շուրջ զրուցել է էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող՝  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, էլեկտրոնային դեղատոմսերի տեխնիկական  ու ծրագրային  ներդրումը, ըստ էության, արվելու է  էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով: Կասե՞ք ինչ  փուլում է ներդրման  գործընթացը:

- Առաջին փուլն ընդգրկում  է պետպատվերի շրջանակում ձեռք բերվող դեղամիջոցների տրամադրման էլեկտրոնայնացումը: Պոլիկլինիկաները պետպատվերի շրջանակում  դեղամիջոցներ են ձեռք բերում և դրա վերաբերյալ պայմանագրեր ունեն կոնկրետ դեղատների հետ:  Այսօր այդ հատվածն ենք  էլեկտրոնային դարձնում: Դա ընդգրկում է ոչ միայն էլեկտրոնային դեղատոմսի ձևավորումն ու  դրա հիման վրա դեղատանը քաղաքացուն դեղամիջոցների տրամադրումը, այլև  պահեստներում դեղորայքի առկայության և մնացորդի թվայնացումը: Այսինքն, այդ ամբողջ շղթան է էլեկտրոնային դառնում:

Այսօր ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի մի շարք պոլիկլինիկաներում  արդեն էլեկտրոնային դեղատոմս լրացվում է, և դրա հիման վրա պացիենտը  մոտակա  դեղատնից  կարողանում է ստանալ պետպատվերի շրջանակում իրեն հասանելիք  դեղորայքը: Հաջորդ քայլը լինելու է այն, որ ոչ թե  մոտակա դեղատները, այլև ցանկացած դեղատուն կկարողանա  սպասարկել էլեկտրոնային դեղատոմսերը:

-Ինչպե՞ս է իրականացվում գործընթացը: Դրա համար, ենթադրվում է, որ թե՛ բուժհաստատությունները, թե՛ դեղատները պետք է միացված լինեն ԱՐՄԵԴ համակարգին, որպեսզի  բուժհաստատությունը համակարգում լրացնի  էլեկտրոնային դեղատոմսը, իսկ դեղատունը  տեսնի այն, այնպես չէ՞:

- Այո, այդպես է: Բուժհաստատություններն արդեն վաղուց  միացած են  ԱՐՄԵԴ-ին, դեղատները դեռևս ամբողջությամբ միացած չեն: Հիմա ավելի  շատ աշխատանք է տարվում դեղատների ինտեգրացիայի,  նրանց մասնագետների հետ ուսուցումներ անցկացնելու ուղղությամբ: Ինչպես նաև բուժհաստատություններում բժիշկներին է ուսուցանվում՝ ինչպես էլեկտրոնային դեղատոմս լրացնել, ինչը տեխնիկապես բավականին պարզ է և իրենից դժվարություն չի ներկայացնում:

-Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացու համար էլ է ավելի հեշտ: Մոտենում է  դեղատուն, ասում է իր տվյալները, դեղատանն արդեն տեսնում են  նրա դեղատոմսը և տալիս են ճիշտ դեղորայք՝ ճիշտ չափաքանակով:

-Ես կասեի՝ առողջության պահպանման տեսանկյունից պարզապես անհրաժեշտ քայլ է: Այս դեպքում, միգուցե, տեխնիկական հեշտությունը, որը նույնպես կա,  առաջնային խնդիրը չէ. առաջնայինն այն է, որ  պարզապես առանց դեղատոմսի  բաց չթողնվեն դեղամիջոցներ, որոնց  օգտագործումն ինքնաբուժման պարագայում կարող է անգամ անդառնալի հետևանքներ ունենալ մարդու առողջության համար: Օրինակ, հակաբիոտիկներով ինքնաբուժումը  պարզապես անթույլատրելի ու վտանգավոր է:  Համակարգի ներդրումից հետո ստացվելու է այնպես, որ դեղատները չեն կարող առանց դեղատոմսերի  որոշակի դեղամիջոցներ տրամադրել (խոսքը թույլատրելի դեղամիջոցների մասին չէ, դրանք հնարավոր կլինի գնել):

Բայց, եթե մենք խոսում ենք հանրային առողջապահության և բնակչության առողջության  պահպանման մասին, համակարգի ներդրումն անհրաժեշտություն է:  Հնարավոր է, որ որոշ  դեղատներ, միգուցե, նաև շահագրգռված չլինեն համակարգի ներդրմամբ, քանի որ  դա կարող է ազդել  շրջանառության վրա: Բայց  համոզված եմ, որ մեծ մասի համար` որպես առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող  պատասխանատու տնտեսվարողների, սա  միանգամայն ընդունելի է,   քանի  որ աշխարհի արդեն բազմաթիվ երկրներում, ու հատկապես առաջադեմ  երկրներում, դեղատոմսերը միայն էլեկտրոնային են:

Ուստի թե՛ մեր երկրի հեղինակության ու վարկանիշի, թե՛ հասարակության առողջության պահպանման,  թե՛ ոլորտի պատասխանատու տնտեսվարողների համար  կարևոր է, որ մեր  երկիրը միանում է աշխարհի այն երկրներին, որտեղ դեղատոմսերը միայն էլեկտրոնային են: Դա շատ կարևոր հանգամանք է:  Մեր հարևան Վրաստանում, օրինակ, դեղատոմսերը վաղուց էլեկտրոնային են դարձել: Մենք ևս օր առաջ պետք է այդ անցումը կատարենք:

-Սա դեղատոմսերի մասով:  Իսկ  էլեկտրոնային առողջապահության ընդլայնմանն ուղղված հաջորդ քայլերը որո՞նք են:

-Քայլերից մեկն ամբողջական  էլեկտրոնային պատմությունների ձևավորումն է,  որտեղ պացիենտին հասանելի կլինի ոչ միայն իր այցերի մասին տեղեկատվությունը, այլև՝ լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները:

Վերջերս հետաքրքիր քայլ է արվել մեր ընկերության  կողմից: Գիտակցելով այն հանգամանքը, որ համակարգչով մուտքագրելը բժիշկներից ժամանակ է խլում, մեր  ընկերության կողմից ծրագրվել է մի համակարգ, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական զննում իրականացնելիս պացիենտի վիճակը նկարագրել բառերը ընտրելու միջոցով: Այսինքն՝ ճիշտ տերմիններով նախադասությունը  ձևավորվում է «քլիքերի» միջոցով,  առանց  տպելու  հնարավոր է դառնում  շատ արագ մուտքագրում անել: Այն հիմա փորձարկման փուլում է, և  արդեն դրական արձագանքներ ունենք հենց բժիշկների կողմից:

Նույն մոտեցումն առաջիկայում ծրագրում ենք կիրառել նաև  գործիքային հետազոտությունների արդյունքները մուտքագրելու դեպքում:

-Covid-ի ժամանակ բավական  ակտիվ էր Armed eHealth  բջջային հավելվածը: Առաջիկայում  պատրաստվո՞ւմ եք ավելի ընդլայնել հավելվածի ֆունկցիոնալությունը:

 

-Ներկայում մայրաքաղաքի  պոլիկլինիկաներում ակտիվորեն ներդրվում է  ԱՐՄԵԴ-ի՝ հերթերի կառավարման համակարգը, որն առաջիկա ամիսներին, կարծում եմ, ամբողջությամբ  կավարտվի: 

Սա, առաջին հերթին, նշանակում է, որ  հերթերն ավելի գրագետ են կառավարվելու և սպասարկումն  ավելի հարմար է լինելու քաղաքացիների համար: Երկրորդը՝ բոլոր պոլիկլինիկաներում  համակարգի ամբողջական ներդրումը  թույլ կտա արդեն  Armed eHealth  բջջային հավելվածի միջոցով  այց գրանցել պոլիկլինիկաներում:

Այս ծառայությունը վաղուց կար հավելվածում, բայց այն մասնակի էր կիրառելի, քանի որ ոչ բոլոր պոլիկլինիկաները հնարավորություն ունեին  համակարգ մուտքագրել բժիշկների  ժամանակացույցը, ինչը թույլ կտար պացիենտին կոնկրետ բուժհաստատությունում, կոնկրետ բժշկի մոտ այցի  հարմար օր և  ժամ ընտրել:

Սա բավականին հարմար է լինելու քաղաքացիների համար:  Այսինքն՝ արդեն մի ցիկլ ամբողջովին էլեկտրոնային է  դառնալու. քաղաքացին  կարողանալու է էլեկտրոնային եղանակով գրանցվել, այնուհետև՝ բուժզննում և  հետազոտություններ անցնել, և այս բոլորը նրան հասանելի է  դառնալու հավելվածում: Այդ ինֆորմացիան հնարավոր է տեսնել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ թույլ տալ, որպեսզի բուժող բժիշկները ևս դրանք տեսնեն:

Այսպիսով` մենք մոտենում ենք  էլեկտրոնային  պատմագրերի ստեղծմանը,  որոնց ներդրումը զգալիորեն բարձրացնելու է առողջության պահպանության  մակարդակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում