Ուկրաինայում 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան է հայտնաբերվել
Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան։ Ինչպես հայտնեցին Ուկրաինայի հայերի միությունից, Յազլովեց գյուղում հետազոտողները պատահաբար գտել են 1611 թվականին կառուցված հայկական ջրհոր։
Կառույցի մեծ մասը գտնվում է գետնի տակ: Արտաքինից սովորական քարե շարվածքով աղբյուրի տակ հայ արհեստավորների կողմից 17-րդ դարում ստեղծված բարդ հիդրավլիկ կառուցվածք է։ Հզոր աղբյուրից ջուրը նախ հոսում է ստորգետնյա ջրամբար, ապա նոր միայն դուրս է գալիս:
Աղբյուրի պատի վրա մնացել է փորագրված քարե սալ՝ լատիներեն և հայերեն արձանագրություններով, որտեղ ասվում է. «Հայ Հակոբը սա կառուցել է 1611 թվականին հասարակության բարօրության համար։ Այս խաչն ու կառուցված աղբյուրը Հակոբբի և նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Աբրահամը՝ քարագործ վարպետը, կատարեց իր գործը նվիրվածությամբ»։
Սալի վերին մասում պատկերված է թևերը տարածած արծիվ, որի տակ խաչ է՝ բարդ ծաղկային նախշերով։
Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցի հայ արհեստավորները փորագրված զարդանախշեր են ստեղծել նաև տեղի եկեղեցու և հին ամրոցի դարպասների համար։


Կարծիքներ