2018-ի համեմատությամբ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. Պապիկյան

2018-ի համեմատությամբ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. Պապիկյան

2026 թվականի պետական բյուջեում պաշտպանության նախարարության համար նախատեսված է 563,1 միլիարդ դրամ, որից 259,4 միլիարդ դրամը (46,1%) նախատեսված է ընթացիկ ծախսերի,իսկ 303,7 միլիարդ դրամը (53,9%)՝ կապիտալ ծախսերի համար։

Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը պաշտպանական ծախսերը ներկայացրել է նախորդ տարիների համեմատությամբ՝ սկսելով նախահեղափոխական շրջանի՝ 2018 թվականի բյուջեից․

«2018-ին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ՝ մոտ 640 միլիոն դոլար։
2025-ին այդ ցուցանիշը հասել է 667 միլիարդ դրամի՝ մոտ 1 միլիարդ 741 միլիոն դոլարի, այսինքն՝ ծախսերը աճել են շուրջ 1,1 միլիարդ դոլարով», -նշել է Պապիկյանը։

Նրա խոսքով՝ 2023-2026 թթ. ընթացքում կատարված և նախատեսվող ներդրումները աննախադեպ են, ինչը թույլ է տվել իրականացնել խորը բարեփոխումներ՝ օրինակ՝ զինծառայողների ատեստավորման ծրագիրը։

«Այսօր պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից 470 հազար դրամ հավելավճար։ Դա էական բարելավում է, որը դրական ազդեցություն ունի զինծառայողների սոցիալական վիճակի և կյանքի որակի վրա։ Այս պահին ատեստավորմանը մասնակցել է զինծառայողների 65 տոկոսը՝ 2023-ին՝ 49,2%, 2024-ին՝ 60,6%, 2025-ին՝ 64%», - նշել է նախարարը։

Պապիկյանի խոսքով՝ էական ներդրումներ են արվել նաև ռազմական կրթության ոլորտում։
Նա հիշեցրել է, որ 2026 թվականից սկսած՝ ռազմաուսումնական հաստատություն ավարտող յուրաքանչյուր կուրսանտ նշանակման պահին կստանա նորակառույց բնակարան, որը կարող է տնօրինել սեփական հայեցողությամբ (բացառությամբ վաճառքի իրավունքի)։

«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների կրթաթոշակները նույնպես զգալիորեն բարձրացվել են։
Եթե 2018-ին կուրսանտը ստանում էր 5300–13 000 դրամ, ապա այժմ առաջին կուրսի բազային կրթաթոշակը 15 000 դրամ է, իսկ առաջադիմության դեպքում այն կարող է հասնել մինչև 45 000, 60 000 կամ 75 000 դրամ։
Հինգերորդ կուրսում առավելագույն բազային կրթաթոշակը 35 000 դրամ է, իսկ գերազանցության դեպքում՝ մինչև 175 000 դրամ», - ասել է Պապիկյանը։

Նախարարը հավելել է, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաները մինչև 2018 թվականը կրթաթոշակ չեն ստացել, մինչդեռ այժմ՝բոլոր սաները ստանում են 15 000 դրամ,միջին առաջադիմությամբ՝ 30 000 դրամ,գերազանց առաջադիմությամբ՝ 45 000 դրամ։

Վերջում Պապիկյանը ընդգծել է, որ 2018-ի համեմատ կուրսանտների թիվը աճել է 26 տոկոսով, ինչը վկայում է պաշտպանության համակարգի նկատմամբ աճող վստահության և գրավչության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում