ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է CEA-Leti և Minalogic կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է CEA-Leti և Minalogic կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է CEA-Leti և Minalogic կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասին ԲՏԱ նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Ներկայացրել եմ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը՝ ընդգծելով դրա հիմնական ուղղությունները, կառուցվածքային բաղադրիչներն ու զարգացման ներուժը։

Ընդգծել եմ, որ Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային գիտատեխնոլոգիական կենտրոն՝ խթանելով համատեղ հետազոտությունները, ինժեներական լուծումները և նորարարական արտադրությունների զարգացումը։

Կարևորել եմ Հայաստանի և Ֆրանսիայի գիտական և արդյունաբերական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդգծելով մասնագիտական կապերի հաստատման, գիտակրթական փոխանակումների և համատեղ հետազոտական նախագծերի զարգացման կարևորությունը»,- նշված է գրառման մեջ:

Նախարարն ու կազմակերպությունների ներկայացուցիչները «վիրտուալ» շրջայց են կատարել CEA-Leti-ում՝ ծանոթանալով ընկերության արտադրանքին, կիրառական լուծումներին, կենդանի ցուցադրություններին և արդյունաբերական կիրառությունների ցուցասրահին:

Կարևորվել է համատեղ նախաձեռնությունների իրականացումն ու գործընկերության խորացումը։ Ձեռք ենք բերել պայմանավորվածություններ՝ համագործակցության հնարավոր ուղիները զարգացնելու ուղղությամբ։

Մխիթար Հայրապետյանն իր գրառման մեջ ընդգծել է, որ CEA-Leti ընկերությունը Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որն առանձնանում է միկրո և նանոտեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով։ Այն ակտիվորեն համագործակցում է գիտական ու արդյունաբերական գործընկերների հետ՝ զարգացնելով նորարարական լուծումներ էլեկտրոնիկայի, արհեստական բանականության, հաղորդակցության տեխնոլոգիաների և նանոէլեկտրոնիկայի ոլորտներում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում