ՍԱՏՄ-ն ներկայացրել է Ղազախստանից ներկրված ցորենի բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների արդյունքները
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության շրջանակներում իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ իր ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Փորձարկումներն իրականացվել են երեք ուղղություններով՝
1․ Բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների.
2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների.
3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:
Փորձարկումների արդյունքները
1․ Բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել.
2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել.
3․ որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:
Հիշեցնենք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստանում է՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Օրերս Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը։


Կարծիքներ