«Մեդալի հակառակ կողմը» լավագույն գեղարվեստական ֆիլմ է ճանաչվել «Պոմեգրանտե» կինոփառատոնում

«Մեդալի հակառակ կողմը» լավագույն գեղարվեստական ֆիլմ է ճանաչվել «Պոմեգրանտե» կինոփառատոնում

Կանադայում կայացած «Պոմեգրանտե» կինոփառատոնում «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաղթել է ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» կինոնկարը: 

Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել ֆիլմի Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

«Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական կինոնկարը լայն լսարանին է ներկայացնում անվանի ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և՛ վերելքները, և՛ վայրէջքները, բացահայտում էջեր, որոնց հնարավոր է՝ անգամ Ավդալյանի մտերիմները ծանոթ չեն։

Ավտովթարի հետևանքով լուրջ վնասվածք ստանալով՝ Նազիկ Ավդալյանը յոթ տարի դուրս է մնում մեծ սպորտից, հետո վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով՝ եթե կան կամք և աննկուն ոգի, անհնար ոչինչ չկա: 

Աննա Մաքսիմը, որ նաև մարմնավորում է Նազիկ Ավդալյանին, ավելի վաղ նշել էր՝ պատմությունը բարձրացնում է հարցեր, տալիս է որոշ պատասխաններ։ «Ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչն է ինձ խանգարում դա անել, ինչքանո՞վ է իմ ցանկությունը կարևոր նաև Հայաստանի համար։ Ըստ իս՝ Նազիկ Ավդալյանը պատասխանել է այդ հարցերին»,-շեշտել էր նա:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում