Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ուսումնավարժանք է անցկացրել ԱՄՆ հյուպատոսների և օգնականների համար

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ուսումնավարժանք է անցկացրել ԱՄՆ հյուպատոսների և օգնականների համար

ԱՄՆ դեսպանության առաջարկով փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում «ՀՀ անձնագրերի պաշտպանիչ միջոցները» թեմայով ուսումնավարժանք անցկացվեց ԱՄՆ 25 հյուպատոսների և օգնականների համար։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը ողջունելով հյուրերին՝ ընդգծել է ուսումնավարժանքի կարևորությունը, որի շրջանակում մասնակիցները կզարգացնեն կարողությունները Հայաստանի Հանրապետության կեղծ անձնագրերի հայտնաբերման ոլորտում, կծանոթանան անձնագրերի և վիզաների տրման գործընթացին։

«Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական։
Ուսումնավարժանքի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող անձը հաստատող ճամփորդական փաստաթղթերի՝ ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի, հին նմուշի անձնագրի, Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, Հայաստանում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց վկայականների տրման կարգը, նկարագրերը, ինչպես և փաստաթղթերի պաշտպանվածության տեխնիկական բնութագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ուսումնավարժանքի մասնակիցները հնչեցրել են գործնականում հաճախ հանդիպող խնդրահարույց դեպքերի և դրանց լուծումների վերաբերյալ հարցադրումներ։ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մասնագետները տվել են սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում