Էրդողանն ԱՄՆ-ին առաջարկել է հեռանալ Սիրիայից և Իրաքից

Էրդողանն ԱՄՆ-ին առաջարկել է հեռանալ Սիրիայից և Իրաքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հեռանա Սիրիայից և Իրաքից այնպես, ինչպես Աֆղանստանից, հաղորդում է РИА Новости գործակալությունը։

«Իհարկե, եթե ես ընտրություն ունենայի, կցանկանայի, որ նրանք հեռանային Սիրիայից և Իրաքից այնպես, ինչպես զորքերը դուրս բերեցին Աֆղանստանից։ Եթե մենք ուզում ենք ծառայել աշխարհում խաղաղության նպատակներին, ապա իմաստ չունի մնալ այդ երկրներում», – ասել է Էրդողանը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ընդ որում, Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան Սիրիայում է մնում երկիրը վերականգնելու նպատակով։

«Մենք Սիրիայում կառուցում ենք 100 հազար կացարան։ Մարդիկ, ընտանիքները տեղահանվել են, նրանց արտաքսել են հայրենիքից։ Մենք նրանց համար կացարան ենք կառուցում։ Ինձ հետաքրքիր է, թե ինչով են զբաղված մյուս երկրները։ Շատ կարևոր է հասկանալ դա», – ասել է Էրդողանը։

Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնը, Մոսկվան, Բաղդադը և Անկարան կկարողանան միասին աշխատել Սիրիայում և Իրաքում խաղաղության և կայունության հասնելու համար։

Գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը վերահսկում են տարածքներ Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան նահանգներում, որտեղ գտնվում են նավթի և գազի խոշորագույն պաշարներ։ Դամասկոսը բազմիցս ամերիկյան զորքերի ներկայությունն անվանել է բռնազավթում և պետական ծովահենություն, որի նպատակը նավթ գողանալն է։

Իրաքում ԱՄՆ-ն գործում է՝ որպես հակաահաբեկչական կոալիցիայի ղեկավար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում