Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ
Կառավարությունն օրենքով հստակեցնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
«Նախագծով առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ տրամադրելու համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները։ Սահմանվել է, որ Կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Ընդ որում, դիմումի որևէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու»,- մանրամասնեց Խաչատրյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ այդուհանդերձ, որոշ դեպքերում անհրաժեշտ կլինի ներկայացնել համապատասխան փաստաթղթեր։
«Մասնավորապես, դրանք այն դեպքերն են, երբ անձի հաշմանդամության ժամկետը լրացել է և վերջինս Լեռնային Ղարաբաղում չի հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, կամ անցել է, սակայն կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում չի իրացվել»,- նշեց փոխնախարարը։
Կարծիքներ