Հայ կրթական հիմնարկությունը հավաստագրեր է հանձնել ավելի քան 250 շրջանավարտի
Հայ կրթական հիմնարկության ամենամյա գալա-հանդիպման ընթացքում կազմակերպության կրթաթոշակառու շրջանավարտները պարգևատրվել են հավաստագրերով:
ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նախարարության անունից շնորհավորել է շրջանավարտ-ուսանողներին՝ նշելով, որ կրթաթոշակային ծրագրին մասնակից լինելը նաև պատասխանատվություն է:
«Որպես Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակառուներ՝ դուք պետք է ձեր իսկ մասնագիտական գործունեությամբ լավագույնս նպաստեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Վստահ եմ, որ այս պատգամը բարձր արժեքով կկրեք ընդմիշտ», - ասել է Արկադի Պապոյանը:
Նա ԿԳՄՍ նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Հայ կրթական հիմնարկությանը կրթական նախաձեռնությունների իրականացման պատրաստակամության համար. «Տարիների փորձառությունը վկայում է, որ այդ գործունեությունը շարունակական է և ունի ապագա զարգացում: Ձեր գործունեությամբ դուք նաև նպաստում եք Հայաստանում կրթության նկատմամբ ուսանողների ձգտմանը՝ ի նպաստ մեր երկրի զարգացման»:
Արկադի Պապոյանը ներկաներին նաև տեղեկացրել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտապես սերտորեն համագործակցում է սփյուռքի համայնքների հետ:
«ԿԳՄՍՆ-ն բավականին մեծ ու լայնածավալ ծրագրեր է իրականացնում սփյուռքի համար, որոնցից են, օրինակ, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումները, կրթօջախների՝ դասագրքերով ապահովման ծրագիրը, հայագիտական կենտրոնների ստեղծումն ու գործունեությունը: Բազմաթիվ նախաձեռնություններ կան, որոնցով նպաստում ենք Հայաստան-փփյուռք երկխոսության զարգացմանը և փոխգործակցության ընդլայնմանը»,- ասել է նա:
Երևանյան գրասենյակի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը ներկայացրել է Հայ կրթական հիմնարկության գործունեության ուղղությունները Հայաստանում:
2023/2024 ուսումնական տարում ավելի քան 400 ուսանող է ավարտել իր ուսումնառությունը, սակայն հավաստագիր է ստացել նրանցից մոտ 250-ը. կրթական հաջորդ աստիճան անցնող ուսանողների աջակցությունը շարունակվելու է:
Գալա-հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, ինչպես նաև Հայ կրթական հիմնարկության լոսանջելեսյան գրասենյակի գործադիր կազմը, կրթաթոշակային հանձնաժողովի անդամները և հովանավորներ:
Նշենք, որ 1950 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված Հայ կրթական հիմնարկությունը Հայաստանում կրթաթոշակների հատկացման գործունեությունը սկսել է 2007 թվականից: 2007 թ. կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը եղել է ընդամենը 21, 2023 թ. այդ թիվը արդեն հասնում է 1300-ի: Գործունեության 17 տարիների ընթացքում հիմնարկությունը հովանավորել է 5500 ուսանողի՝ տրամադրելով ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: 2023 թվականից հիմնարկությունը փոխհատուցում է շահառուների ուսման վարձի 50 տոկոսը:
Կրթաթոշակային ծրագրերից բացի՝ ՀԿՀ-ն Հայաստանում ներգրավված է նաև ԹՈՒՄՈ կենտրոնների, Արմաթ լաբորատորիաների, ՔՈԱՖ կենտրոնի ստեղծման գործընթացներում, ինչպես նաև դպրոցաշինական բազմաթիվ ծրագրերում՝ ՀՀ տարբեր բնակավայրերում:
Կարծիքներ