Մարտի 1-ի «ոզնիները». ինչու է Արամ Նիկոլյանի հայրը 6 տարուց ավելի գտնվել անազատության մեջ

Մարտի 1-ի «ոզնիները». ինչու է Արամ Նիկոլյանի հայրը 6 տարուց ավելի գտնվել անազատության մեջ

Օրերս՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, Ադրբեջանի դրոշը հափշտակել-այրելու համար հասարակության որոշ հատվածի շրջանում հերոսացված, «բրավո»-ների ու «կեցցես»-ների արժանացած Արամ Նիկոլյանի մասին համացանցում տարատեսակ, այսպես ասած, «բացահայտումներ» են շրջանառվում։

Մասնավորապես, թե՝ նա իր այդ սկանդալային քայլն անելու համար «հովանավորվել է նախկին իշխանություններից», որ՝ մինչ այս քաղաքացիական կեցվածքով աչքի չընկած ու պետական պատվերի շրջանակներում ««մեծ փողեր շփած» դիզայները ծպտյալ ՀՅԴ-ական է», ընդհուպ՝ նրա հայրը «2018-ի հեղափոխությունից հետո ՀՅԴ-ից հեռացված, այժմ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ընկերն է»։  

Մեզ մասնավորապես հետաքրքրեց օգտատերերից մեկի գրառումը Նիկոլյանի հոր անցյալի վերաբերյալ եւ որոշեցինք պարզել՝ ով է նա՝ Վրեժ Նիկոլյանը։

Պարզվում է՝ Հ1-ի ոճաբանի հայրը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում 6 ու կես տարի ազատազրկման է դատապարտվել, գործով դատավորը եղել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած հայտնի Ալեքսանդր Ազարյանը։ Վրեժ Նիկոլյանին մեղադրանք է առաջադրվել «2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքի Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հանրահավաքի մասնակիցների կողմից ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եւ 2008թ. մարտի 1-2-ը Երեւանի քաղաքապետարանի շրջակայքում ու կենտրոնական փողոցներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպմանը աջակցելու համար»:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ «Նիկոլյանը, «2008թ. փետրվարի 19-ին կայացած՝ ՀՀ նախագահի ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի պարտություն կրելուց հետո ներգրավվելով նրա համախոհների խմբում եւ սատարելով ու աջակցելով երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով օրենքով սահմանված կարգի խախտմամբ Երեւան քաղաքում կազմակերպված եւ անցկացվող հրապարակային միջոցառումների կազմակերպիչներին,․․․ինչպես նաեւ վերը նշված նպատակով նրանց աջակցող իր խնամուն՝ Համլետ Հովհաննիսյանին (հայտի որպես «տռոս Համո» - Խմբ․) ու այդ միջոցառումներին մասնակցող «Հատուկ գունդ» ՀԿ անդամներին, վերջիններիս հանձնարարությամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու՝ մարմնական վնասվածքներ պատճառելու, նրանց օրինական գործողություններին խոչընդոտելու նպատակով Երեւանի Շիրազի 13 հասցեում գործող շինանյութի խանութի տնօրեն Արմեն Հալաջյանին 2008թ. փետրվարի 29-ին պատվիրել է մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված 80 «ոզնի» կոչվող մետաղական կոնստրուկցիաներ՝ պատճառաբանելով, թե իբրեւ դրանք անհրաժեշտ են շինարարության մեջ օգտագործելու համար։

Արմեն Հալաջյանը, ապա Վրեժ Նիկոլյանի հանձնարարությամբ խանութի զոդող Հրաչ Սահակյանը եւ վերջինիս օգնական Մհեր Սիմոնյանն իրականացրել են հիշյալ պատվերը, որից հետո Վրեժ Նիկոլյանը պատրաստված նետողական սառը զենք հանդիսացող նշված «ոզնիները» քննությամբ չպարզված անձանց միջոցով նույն օրը տեղափոխել է Ազատության հրապարակում տեղակայված «Հատուկ գունդ» կոչվող վրան։

Այնուհետեւ՝ 2008 թ․ մարտի 1-ի վաղ առավոտյան, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից Երեւանի «Ազատության» հրապարակում օպերատիվ միջոցառում իրականացնելիս «ոզնիներ» կոչվող մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաեւ մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների գործադրմամբ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 5-րդ վարչության պետ, գնդապետ Տիգրան Հովհաննիսյանի ոտքի շրջանում ու նույն վարչության օպեր-լիազոր, լեյտենանտ Արշակ Զոզանյանի գլխի շրջանում նետողական սառը զենք հանդիսացող «ոզնիների» գործածության հետեւանքով պատճառվել է առողջությանը թեթեւ վնաս։

Դրան հաջորդել են Երեւանի քաղաքապետարանի շրջակայքում եւ կենտրոնական փողոցներում Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ մյուսների կազմակերպմամբ ու հրահրմամբ տեղի ունեցած, հրազենի, պայթուցիկ նյութերի, «ոզնիներ» կոչվող մետաղական կոնստրուկցիաների եւ մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների գործադրմամբ իրականացված, սպանություններով, բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով եւ իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով ուղեկցված զանգվածային անկարգությունները, որի ընթացքում «ոզնիների» գործադրման հետեւանքով ստորին վերջույթների շրջանում միջին ծանրության վնաս է պատճառվել ՀՀ ՈԶ ժամկետային զինծառայող Անտոն Ասրյանին եւ վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Սարգիս Չարչյանին»։

Նշենք, որ ամբաստանյալ Վրեժ Նիկոլյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ 2008 թվականի փետրվարի վերջերին «ինքը գնացել է Ազատության հրապարակ, որտեղ վրաններից մեկում հանդիպել է խնամուն՝ Համլետ Հովհաննիսյանին եւ վերջինիցս «ոզնի» կոչվող մետաղական կոնստրուկցիա պատրաստելու պատվեր ստացել։ Իրեն բացատրվել է, որ կոնստրուկցիաները պետք է լինեն սրածայր եւ ունենան 10-12 սմ երկարություն»։

Պատվերը կատարելու նպատակով 2008թ. փետրվարի 29-ի առավոտյան «հանդիպել է Երեւան քաղաքի վերոհիշյալ շինանյութի խանութի տնօրեն Արմեն Հալաջյանի հետ, որին պատվիրել է պատրաստել նշված կոնստրուկցիաները։ Պատվերը կատարվել է նույն օրը, եւ երեկոյան մետաղական կոնստրուկցիաներն ուղարկել է Ազատության հրապարակ»։ Ամբաստանյալը նշել է, որ ընդհանուր առմամբ պատրաստվել է 40 հատ «ոզնի», եւ դրանք ի սկզբանե նախատեսված են եղել ջրցան ավտոմեքենաների երթը կասեցնելու համար»։

Նիկոլյանի դեմ ցուցմունքներ են տվել տուժող հանդիսացող ոստիկանության   աշխատակիցներն ու գործով վկաները՝ Շիրազի 13 հասցեում գործող շինանյութի խանութի պահակը, տնօրենը, զոդող բանվորը, վաճառողը։

«Հետազոտելով եւ վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները՝ դատարանը հաստատված է համարում Վրեժ Նիկոլյանի կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելուն օժանդակելը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, եւ այդ մասով նրա արարքը որակված է ճիշտ։ ․․․Այսպիսով, դատարանը ապացուցված է համարում Վրեժ Նիկոլյանի կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելուն օժանդակելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելուն օժանդակելու փաստերը»,- մասնավորապես նշված է դատավճռում։

Իրեղեն ապացույց հանդիսացող բջջային հեռախոսահամարներից 2008թ. հունվարի 15-ից մինչեւ 2008թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված հեռախոսազանգերի վերծանումները թողնվել են քրեական գործում, իսկ 42 «ոզնի» կոչվող սրածայր մետաղական կոնստրուկցիաներն ի պահ են հանձնվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։

Ուշագրավ է, որ Նիկոլյանի վերաբերյալ դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում է, թե՝ «Վրեժ Նիկոլյանն իր ցուցմունքներում ընդունել է, որ իրեն նախապես ասել էին եւ գիտեր, որ դրանք նախատեսված են ոստիկանության ուժերին դիմադրություն ցույց տալու համար»:

«Համլետ Հովհաննիսյանի համաձայնությունը ստանալուց հետո գնացի Արմեն Հալաջյանին պատկանող շինանյութի խանութ, որտեղ էլ զոդող-վարպետ Հրաչին ցույց տվեցի նմուշը եւ առաջարկեցի 8մմ-անոց ամրաններից պատրաստել 10-12սմ երկարության, սույր ծայրով 80 կոնստրուկցիա»,- հայտնել է Վ. Նիկոլյանը՝ ավելացնելով, որ կոնստրուկցիաները, խանութից վերցնելով, Հ. Հովհաննիսյանի վստահված անձանց միջոցով ուղարկել է Ազատության հրապարակ: Նույն օրը՝ ժամը 20-ի սահմաններում, զանգահարել է Համլետ Հովհաննիսյանին եւ տեղեկացել, որ կոնստրուկցիաները տարվել են Ազատության հրապարակ: «Միաժամանակ Համլետից հարցրի, թե ուղարկածս սրածայր երկաթյա կոնստրուկցիաները նորմա՞լ են, թե՞ ոչ, Համլետը պատասխանեց. «լավ ա»,- նշել է Վ. Նիկոլյանը:

Ինչ առնչություն ունի «ոզնիների» պատվիրատուն նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ

Հարկ է նշել, որ 2008-ին Ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ, «Մարտի 1»-ի գործով անցնող մեկ այլ ընդդիմադիր՝ Գուրգեն Եղիազարյանը, 2008-ին իր ասուլիսում ուշագրավ հայտարարություն էր արել Վրեժ Նիկոլյանի մասին՝ նշելով, թե՝ ««ոզնիները» Ազատության հրապարակ են բերվել իշխանության պատվերով, Նիկոլյանն էլ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բարեկամն է՝ այս երկուսը նույն պապի եղբոր թոռներ են»։ Այդ մասին Նիկոլյանը պատմել է Գուրգեն Եղիազարյանին, որի հետ նույն խցում են գտնվել։

Եղիազարյանը նաեւ նշել էր, որ «Նիկոլյանի եղբայրը աշխատում է Աղվան Հովսեփյանի թաղապետ եղբոր՝ Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի օգնական»: Ելնելով իր ստացած ինֆորմացիայից՝ Եղիազարյանը ենթադրել է, որ «խաղաղ ցուցարարների մեջ չգտնելով որեւէ մի մարդ, որը կգնար այդօրինակ ստոր արարքի, իշխանությունը գործի է դրել սեփական բարեկամներին»:

Թեեւ Նիկոլյանը Եղիազարյանին ասել է, թե ««ոզնիները» հրապարակ է տարել ջրցան մեքենաների հնարավոր օգտագործման դեպքում դրանց անիվների տակ գցելու եւ այդպիսով ընթացքը կանգնեցնելու համար», այդուհանդերձ Գ․ Եղիազարյանն այն կարծիքին էր, որ իրականում Աղվան Հովսեփյանի բարեկամի միջոցով իշխանությունը սադրանք է գործել։

Ըստ նրա՝ շատ դժվար է հավատալ, որ մարդը, ով եղբոր հետ աշխատել է հօգուտ Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի, ընտրությունից հետո մտածում է ջրցան մեքենաներից խաղաղ ցուցարարներին պաշտպանելու մասին: Գուրգեն Եղիազարյանն ասուլիսում նշել էր նաեւ, որ ինքը դա նաեւ հենց Նիկոլյանին է ասել, ով, լսելով այդ հարցը, ուղղակի կախել է գլուխը։ 

Լրագրողների հարցին, թե իսկ ինչո՞ւ է Նիկոլյանն այդպես անկեղծացել Եղիազարյանի մոտ Աղվան Հովսեփյանի հետ բարեկամության առնչությամբ, նախկին փոխնախարարը պատասխանել է՝ «երբ մի օր, երկու օր, մի քանի օր շարունակ մարդը մնում է չորս պատի մեջ բանտարկված, ապա խցի «ընկերոջ» հետ անկեղծանում է գրեթե ինքնաբերաբար»:

Ի դեպ, Աղվան Հոսվեփյանի մամուլի խոսնակն արձագանքել էր Եղիազարյանի վերոհիշյալ հայտարարություններին եւ նշել, թե «ոզնիներ պատվիրելու համար մեղադրվող Վրեժ Նիկոլյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բարեկամը լինելու մասին նրա պնդումը «ակնհայտ սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը», ազգակցական կամ բարեկամական կապ Վրեժ Նիկոլյանի եւ ՀՀ գլխավոր դատախազի միջեւ գոյություն չունի, «նման հայտարարությունները հիվանդ երեւակայության արգասիք են»: 

«Որպես համերկրացի՝ Վ. Նիկոլյանը որոշակի մասնակցություն ունեցել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կազմակերպած տարբեր միջոցառումներին, եւ Ա. Հովսեփյանը նրան ճանաչում է որպես համերկրացու, ինչպես շատ-շատերին, նրանց թվում ներկա եւ նախկին պատգամավորների, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող գործիչների»,- հավաստիացրել էր Հովսեփյանի խոսնակը:

Ի դեպ, այսքանից հետո հարկ է նկատել, որ երբ Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում սկսվեց Ռ․ Քոչարյանի դեմ, նրա պաշտպանական թիմը որպես կանոն հղում էր անում ցուցարարների զինված լինելու հանգամանքին եւ հիշատակում «մոլոտովի կոկտեյլների», «մետաղական ոզնիների» հանգամանքը։

Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում