Կառավարությունը հաստատել է ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները

Կառավարությունը հաստատել է ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները:

 

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջից, ըստ որի՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է բուհի հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը:

 

«Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթը, որին մասնակցելու համար գրանցվել էր չորս հավակնորդ: Մրցույթն ընթացել է ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն, և նիստին մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները: Մրցույթի արդյունքում խորհրդի անդամների 19 կողմ ձայներով համալսարանի ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Գրիգորյանը՝ 5 տարի ժամկետով: Արմեն Գրիգորյանը նոր մարդ չէ բուհում. նա ավելի քան 10 տարի աշխատում է համալսարանում, իսկ վերջին 5 տարին ղեկավարել է ուսումնական աշխատանքները: Անցումային այս շրջանում եղել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և ցույց է տվել արդյունավետ կառավարելու իր հմտությունները»,-նշել է նախարարը:

 

Բուհի նորանշանակ ռեկտոր Արմեն Գրիգորյանի խոսքով՝ իր համար մեծ պատասխանատվություն է ՀՀ ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումը հետագայում առաջ տանելու հանձնառությունը. «Համալսարանում ներկայում երեք հերթափոխով սովորում է 9002 ուսանող, այդ թվում՝ օտարերկրացի: Իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ համալսարանի՝ միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացները զարգացնելու, ինչպես նաև Կառավարության սահմանած ռազմավարական թիրախներն ապահովելու համար, մասնավորապես՝ միջազգային վարկանիշային աղյուսակներում բուհն առաջ մղելու և մեր երկրի առաջատար ուղեղային կենտրոններից մեկը դարձնելու ուղղությամբ»:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է միջազգային վարկանիշային աղյուսակներում ՀՀ բուհերի ներգրավման, Կառավարության հետ համագործակցության, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների հարցին:

 

Այդ համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ներկայում հանրային քննարկման է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը նոր հնարավորություններ է տալու բուհերին ունենալու մրցունակության ինստիտուցիոնալ գործիքներ՝ կառավարման, հավատարմագրման և լիցենզավորման տեսանկյունից. «Գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, խոշորացման գործընթացն աջակցելու է, որ բուհերը ոչ թե միայնակ առնչվեն մրցունակության բարձրացման խնդրին, այլ ռեսուրսները կենտրոնացնեն և ավելի արագ ու արդյունավետ անցնեն այդ ճանապարհը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում