ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցով քվեարկությունն ու ռուս պատվիրակների դիրքորոշումը

ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցով քվեարկությունն ու ռուս պատվիրակների դիրքորոշումը

Ապրիլի 19-ին հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։ Վեհաժողովի օրակարգում ներառվել են «Հրատապ» և «Ընթացիկ» հարցեր։ Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո լայն բանավեճ է ծավալվել հայ ռազմագերիների հարցով ռուս պատվիրակների քվեարկության շուրջ։

Հրատապներում ընդգրկվել են «2021 թվականին Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունն ու կալանավորումը» և «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» հարցերը։

Ընթացիկներում ընդգրկվել են հետևյալները՝

«COVID անձնագրերն ու վկայագրերը․ հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու իրավական հետևանքները»,

«Հայ ռազմագերիները, այլ գերեվարվածներն ու տեղահանված անձինք»,

«COVID-19 պատվաստումների վկայագրեր․ ինչպես պաշտպանել հանրային առողջությունն ու մարդու իրավունքները»,

«Ռուսական սպառնալիքը Եվրոպայում խաղաղության ձգտմանը»։

Ապրիլի 19-ին ԵԽԽՎ-ում քվեարկությունների արդյունքների հրապարակումից հետո լայն բանավեճ է ծավալվել հատկապես ռուս պատվիրակների քվեարկության շուրջ, քննարկվել և շահարկվել է այն հարցը, թե արդյոք բոլոր՝ հրատապ և ընթացիկ հարցերի քվեարկությունն իրականացվել է մեկ փաթեթով, թե առանձին։ Սոցցանցերում շահարկվում է նաև այն հարցը, թե արդյոք ռուս պատվիրակները դեմ են քվեարկել միայն հայ ռազմագերիների հարցին, թե ընթացիկ բոլոր չորս հարցերին, որոնց թվում՝ հակառուսական ձևակերպմանը։

Հրատապ հարցերի շուրջ քվեարկությունն առանձին է ընթացել, իսկ ընթացիկ՝ չորս հարցերի մասով, ըստ ՍիվիլՆեթի տեղեկությունների, քվեարկության է դրվել այն հարցը, որի շուրջ առարկություն է եղել․ տվյալ դեպքում՝ հայ ռազմագերիների հարցն էր, որի վերաբերյալ առարկություն է առաջ քաշել ադրբեջանական պատվիրակությունը, և ըստ կանոնակարգի՝ տվյալ դեպքում հարցը քվեարկվում է առանձին։ Ըստ այդմ՝ ԵԽԽՎ կայքում ընթացիկ հարցով քվեարկությունը վերաբերել է միայն հայ ռազմագերիների հարցին, որով ռուս պատվիրակների մեծ մասը դեմ է քվեարկել, մի մասն էլ՝ ձեռնպահ է մնացել։ 

Ստելլա Մեհրաբեկյան

Աղբյուրը՝ CIVILNET

Հետևեք մեզ նաև Տելեգրամում