Բեյրութի ողբերգության դասերը՝ հայկական դիրքերից

Բեյրութի ողբերգության դասերը՝ հայկական դիրքերից

Բեյրութում տեղի ունեցած խոշոր պայթյունը ցավ և մտահոգություն առաջ բերեց ոչ միայն տեղի բնակչության, այլև համաշխարհային ամբողջ առաջադեմ մարդկության մոտ։ Լիբանանի ժողովրդին իրենց ցավակցություններն ու աջակցության խոսքերն են հղել աշխարհի շատ պետությունների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք։ Հատկապես անհրաժեշտ է նկատել Բեյրութի հետ լարված հարաբերություններ ունեցող Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի քաղաքապետարանի պատը Լիբանանի դրոշի գույներով գունավորման փաստը։ Սա խոսում է այն մասին, որ աղետի ժամին, քաղաքակրթական ուրույն ինքնություն ունեցող էթնոսի ներկայացուցիչները, մի կողմ թողնելով հակասությունները համախմբվում են՝ հանուն համամարդկային արժեքների պահպանման։ Նման մոտեցումը հստակ սահմանազատում է հնագույն էթնիկ պատկանելիությամբ միավորներին՝ պետություն կազմած, սակայն քաղաքակրթական առաջընթացի նկատմամբ գենետիկորեն անկարող որոշ քոչվոր ցեղատեսակներից, որոնք բարձրաձայնում են ատոմակայանին հարվածելու ցանկություններ՝ համատեղ զորավարժությունների միջոցով իրենց մկանները ցուցադրելուն զուգահեռ։

Զոհերի և վիրավորների թվում են նաև Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ։ 11 զոհված և մի քանի տասնյակ վիրավոր հայորդիները ևս այս ողբերգության մաս են կազմում։ ՀՀ և Արցախի պատկան մարմինների կողմից հայտարարված աջակցության պատրաստակամությունն ընդգծում է մի կողմից արաբական աշխարհի այս երկրի նկատմամբ ամուր բարեկամության վերահաստատման, մյուս կողմից էլ՝ հայության բոլոր հատվածների նկատմամբ մեր պետության պատասխանատվության բարձր զգացումը։ Ցանկալի կլիներ հետագայում տեսնել նաև  ռազմավարական ծրագրեր, որոնք տարբեր համայնքներից հայրենադարձության ալիքի դեպքում կներառեն այնպիսի կարևորագույն նպատակների իրականացման մեխանիզմներ, ինչպիսիք են  սոցիալ-հասարակական ինտեգրումը, ՀՀ տարածքային զարգացումը, Արցախի ազատագրված տարածքներում բնակության խթանումը և այլն։

Լիբանանյան աղետը Մերձավոր Արևելքում անկայունության ընդհանուր համայնապատկերի մի օրինակն է միայն։ Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները պահանջում են բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին քաղաքականության մանրակրկիտ և համակարգված, հայեցակարգային մոտեցումների մշակում և իրականացում։ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ տեղ գտած շատ մոտեցումներ, թեև ներառում են հավասարակշռված արտաքին քաղաքականության գերակայություններ, սակայն ազգային շահերի բաժինը, ըստ իս, պահանջում է առավել խորը և համապարփակ վերլուծություն։ Ազգային անվտանգության գրասենյակի նոր պատասխանատուները, կարծում եմ, գիտակցում են ռազմավարության «կենդանի օրգանիզմ» լինելու փաստը, ինչը նշանակում է, որ հընթացս փոփոխություններն այլևս օրինաչափություն պետք է դառնան։ Միայն այս դեպքում կարող ենք պատրաստ լինել ոչ միայն դիմագրավելու տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին, այլև ինքներս ձևավորելու մարտահրավերներ, այսիպիսով՝ սուբյեկտի կարգավիճակով մասնակցություն հանդես բերելու համաշխարհային քաղաքական խաղին։

Ռոբերտ Ղևոնդյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում