Հեղեղումներից տուժած Գյումրեցի 84 ընտանիք կստանա դրամական օգնություն իսկ 6-ը`բնակարան
Գյումրու ավագանին այսօր գումարել է արտահերթ նիստ։ Օրակարգում ունենալով 8 հարց։
Նիստի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Տավուշի սահմանագոտում զոհված զինծառայողների հիշատակը։
Այնուհետև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոսեց հուլիսի 13-ին քաղաաքում տեղացած աննախադեպ կարկուտի և անձրևի հասցրած վնասների մասին։ Նա իր խոսքում նշեց, որ այօրվա արտահերթ նիստը հիմնականում միտված է օգնելու մեր բնակիչներին։
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր կորոնավիրուսով վարակված և մեկուսացված անձանց սնունդով օգնելուն, որի համար կառավարությունը Գյումրիին տրամադրել է 4 մլն դրամ գումար դրամաշնորհի տեսքով։
Կառավարության կողմից տրամադրված գումարն արդեն առկա է համայնքապետարանի բյուջեում։ Հարցի հիմնական զեկուցող համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը նշեց, որ օրակարգի այս նախագծով պետք է համայնքի բյուջեի մեջ կատարվի փոփոխություն։ Հարցն ընդունվեց միաձայն։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր հուլիսի 13-ին կարկուտից և անձրևից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելուն։ Համայնքը իր սեփական միջոցներից և համայնքի ղեկավարի աշխատավարձի տնտեսումների հաշվից տրամադրեց 10 մլն դրամ։
Հարցի զեկուցող Լենա Ջիլավյանը գումարի տրամադրման հիմնավորման մեջ նշեց, որ այս գումարը հիմնականում նախատեսված էր հյուրաիրությունների, միջոցառումների, գործուղումների և այլ նպատակների համար, այժմ նման կարգի միջոցառումներ չկան որոշվեց այն տրամադրել տուժած ընտանիքներին։
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ավելացրեց, որ ձևավորված հանձնաժողովը մեկ առ մեկ ուսումնասիրել և տեղում արձանագրել է վնասների չափը, որոշվել է ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի կողմից օգնություն տրամադրել 120 դիմումատուից 84-ին, իսկ մնացած 6-ին կտրվի բնակարան:
Մինչ հարցի քվեարկությունը ելույթներով հանդես եկան ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչները, բարձրացնելով քաղաքացիներին հուզող բազում հարցեր։ Այս հարցը ևս ընդունվեց միաձայն։
Այնուհետ Ավագանին քննարկեց և հաստատեց, Գյումրու Մովսես Խորենացի 46/ 1 հասցեում գտնվող ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի կողմից կառուցված սոցալական բնակարաններից վեցը անժամկետ, անհատույց օգտագործման տրամադրելու մասին հարցը։
Սոցիալական բնակարաններ հատկացվել են «Գյումրի» գետակի հարակից տարածքի բնակիչներին, ովքեր առավել շատ են տուժել ջրհեղեղից։
Այնուհետ ավագանին քննարկեց և հաստատեց օրակարգի մյուս հարցերը ևս։
Կարծիքներ