Վարձով տների գները նվազել են

Վարձով  տների գները նվազել են

Դեռ ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում վարձով տրվող բնակարանների գները կնվազեն։

«Ես կարծում եմ, որ այս ճգնաժամային  պայմաններում հիմա վարձով տների գները կընկնեն, սովորաբար ճգնաժամերի հետեւանքով այդպես պատահում է, և դա այդքան էլ լավ չէ։ Մենք պետք է աշխատենք, որ ոչ թե վարձով տների գները ընկնեն, այլ ընդհանրապես աշխատողների և քաղաքացիների եկամուտներն ավելանան, բայց չի բացառվում, որ մենք առաջիկայում վարձով տների գների անկում ունենանք ճգնաժամի պատճառով»,- նշել էր Փաշինյանը։

«FreeNews»-ը գնացել է վարչապետի հայտարարության հետքերով։

«Վիվա Ռիելթի» անշարժ գույքի գործակալության աշխատակիցը փաստեց, որ մարտից իրենք վարձակալության բոլոր գործարքներն արդեն իջեցված գներով են կնքել։

Ըստ գործակալության ներկայացուցիչի՝ նվազել են թե՛ վարձով տրվող բնակարանների գները, թե՛ տարածքների։

«Էլեն Ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդգար Բաղդասարյանը տեղեկացնում է, որ բնակարանների գները նվազել են մոտ 30 տոկոսով, հետո հնարավոր է՝ ավելի էժանանան:

Արտակարգ դրությունից հետո սա միակ փոփոխությունը չէ, որ կատարվել է անշարժ գույքի շուկայում: Ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ շարժ չկա:

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո  մինչ օրս «Էլեն Ռիելթի» անշարժ գույքի գործակալությունում վարձակալության մոտ 5 պայմանագիր է կնքվել, իսկ վաճառք չի արվել:

«Վարձով ապրողներն ավելի էժան տան վրա են գնում: Մեծամասնությունն իրենց տների գներն իջեցրել են: Եթե այն ժամանակ վարձով տունն ամիսը տալիս էին 500 դոլարով, հիմա 150000 դրամով են տալիս: Կամ տալիս էին ամիսը 100 000 դրամով, այսօր գինն իջեցրել են և դարձել 75000-80000 դրամ: Պահանջարկից ելնելով՝ գները նվազել են: Եթե նախորդ տարի մարդը վարձով ապրում էր 120000 դրամով տան մեջ, հիմա նույն տնից գնում է 90000-ով տուն»,- մանրամասնեց նա:

Հիշեցնում է՝ տների վարձերն աճեցին զբոսաշրջիկների աճի պատճառով: Մարդիկ տներ գնեցին ու սկսեցին վարձով տալ: Բայց հիմա զբոսաշրջությունն էլ է լուրջ անկում ապրելու: Մոտակա ժամանակներս էլ տուրիստների մեծ հոսք չենք էլ կարող ակնկալել, դրա համար էլ, ըստ անշարժ գույքի գործակալության տնօրենի, վարձերի գները կընկնեն:

«Բնակարանների գներն էլ կիջնեն մարդկանց գնողունակության անկման պատճառով: Մարդիկ աշխատանք են կորցնում, դրսից ֆինանսավորում չի լինելու: 1998-ին, 2008-ին էլ ենք ունեցել տների գների անկում, բայց այս դեպքը ոչ մեկին նման չէ, սա ավելի վատ ու խոր հետքեր կթողնի անշարժ գույքի վրա: Անշարժ գույքի շուկան տնտեսության խոցելի ու զգայուն ճյուղերից է»,- նշեց նա:

Թեև անշարժ գույքի շուկան պասիվացել է, բայց բնակարանների գներն, ի տարբերություն վարձակալության, չեն իջել:

Այսպես՝ Երևանի վարչական շրջանների մի մասում ապրիլին մարտի համեմատ, բնակարանների գները չեն բարձրացել, պահպանել է նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ, Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն և՛ մարտ, և՛ ապրիլ ամիսներին արժեցել է 670 հազար դրամ:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան, Էրեբունի, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջաններում ևս բնակարանների մեկ քմ-ի գները ապրիլին մարտի համեմատ չեն բարձրացել, մնացել են նույնը:

Բայց Էդգար Բաղդասարյանը նկատում է, որ աշնանը տների վաճառքի գներն էլ կընկնեն: Իսկ գնանկման պատճառները տարբեր են՝ սկսած կորոնավիրուսից մինչև շինարարական բում:

«Վիրուսով պայմանավորված ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է: Դրան գումարած մեր երկրում կատարվող շինարարական մեծ աշխատանքները: Իմ տեղեկություններով, միայն այս տարի 320 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվություն է տվել»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ կտրուկ ավելացել է առանձնատների պահանջարկը, քանզի, զրկվելով զբոսաշրջության հնարավորությունից, բնակարաններում փակված քաղաքացիները վարձում են օրավարձով կամ երկարաժամկետ հարմարավետ տներ և իրենց հանգիստն այնտեղ վայելում։ Հատկապես  շաբաթ, կիրակի օրերին անհնար է գտնել  օրավարձով հանձնվող բարեկարգ առանձնատներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում