Խաղահրապարակ, ոռոգման համակարգ, թենիսի կորտ. ՀՀ 4 համայնքում որ ծրագրերի օգտին են քվեարկել քաղաքացիները
Համայնքային ծրագրերում բնակիչների ներգրավվածությունն ավելացնելու համար Ջերմուկում, Աբովյանում, Աշտարակում, Արմավիրում իրականացվում է մասնակցային բյուջետավորման ծրագիր։ Այս նախաձեռնության շրջանակում համայնքների բնակիչները կարող են ներկայացնել իրենց գնահատմամբ կարևոր ծրագրեր, քվեարկել ու կյանքի կոչել։ Կառավարությունը ֆինանսավորում է հավանության արժանացած ծրագրի 80 տոկոսը, մնացած հատվածը ներդնելու են համայնքները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի վերլուծական մեթոդաբանության բաժնի պետի պարտականությունները կատարող Սվետա Հարոսյանը նշեց, որ համայնքներում այսօր էլ կա սուբվենցիոն ծրագրերի համակարգը, երբ պետությունն ու համայնքները ֆինանսական մասնակցություն են ունենում, սակայն մասնակցային բյուջետավորման ծրագրի նպատակն է հենց քաղաքացիներին այս գործընթացում ներգրավելը։
«Ասեմ, որ այս ծրագրի իրականացման պահանջը եկել է հենց բնակիչներից։ Իրենք են անմիջական մասնակցություն ունենալու ցանկություն հայտնել։ Այս ծրագրի նպատակն է, որ քաղաքացիները կարողանան իրենք, իրենց դիտարկմամբ համայնքի համար առավել կարևոր ծրագրերը ներկայացնեն ու նպաստեն իրագործմանը։ Այսինքն՝ քաղաքացիներն ընկալեն, որ իրենք կարող են դերակատարում ունենալ համայնքների ծրագրերի իրականացման գործում»,-ասաց Սվետա Հարոսյանը։
Քաղաքացու կողմից առաջարկված ծրագրի իրագործմանը նպաստելն իրականացվում է քվեարկությամբ։ Համայնքային կայքում ստեղծված համապատասխան բաժնում քաղաքացներից եկած առաջարկ-գաղափարը դրվում է քվեարկության։ Առավել շատ ձայներ հավաքածը համարվում է ընտրված։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը տեղեկացրեց, որ արդեն Ջերմուկում, Աբովյանում, Աշտարակում քաղաքացիները առաջարկ-գաղափարներ ներկայացրել են, քվեարկության փուլն էլ ավարտվել է։ Համայնքներից յուրաքանչյուրում քվեարկության փուլում շուրջ 2000 մասնակցություն է եղել։ Արմավիրում դեռ քվեարկությունն ընթանում է, կավարտվի մարտի 15-ին։
«Ասեմ, որ մինչ քվեարկությունը ծրագրերը, գաղափարներն ընտրվում են համապատասխան չափորոշիչների համաձայն։ Ըստ այդ չափորոշիչների՝ առաջարկվող ծրագիրը չպետք է կրկնի տվյալ տարվա համայնքի բյուջեով նախատեսված ծրագրին։ Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա քաղաքացիները կարող են քվեարկել առավելագույնը 3 նախագծի օգտին։ Քանի որ համայնքների խոշորացում կատարվեց, մենք այս կարգավորումը սահմանեցինք, որ համայնքների խոշոր բնակավայրերը չկլանեն ծրագրերը»,-ասաց Լորիս Մուրադյանը։
Քաղաքացիների կողմից ներկայացված ծրագրերը տարբեր բնույթ ունեն։ Աբովյան համայնքի բնակավայրերից մեկում ոռոգման համակարգի անցկացումն է, մեկ այլ վայրում թենիսի կորտերի, երգող շատրվանի, ժամանցի վայրերի կառուցում, Աշտարակում առաջարկվել է խաղահրապարակների կառուցում ու տարածքների բարեկարգում, աղբամանների տեղադրում և այլն։ Պարտադիր պայման է, որ ծրագրերն իրականացվեն 2024 թվականին։
Կարծիքներ