Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը դարձել է իրականություն
Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որն իրականացվել է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։ Եվրոպացի հայտնի փորձագետների աջակցությամբ` «Cure2Children» բարեգործական հիմնադրամի և բժիշկ Լոուրենս Ֆոլկների հետ, Արյունաբանական կենտրոնի թիմն իրականացրել է մանգաղաձև բջջային անեմիայով երեխաների` դոնորից վերցված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ լրատվության ծառայությունից։
Ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումը Հայաստանում աննախադեպ է, բացում է մեծ հնարավորություններ բուժելու արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաների և մեծահասակ հիվանդների համար։
Այս առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի:
«Ժամանակի ընթացքում, երբ մեր մասնագետները բավականաչափ փորձառություն ձեռք կբերեն և ոսկրածուծի փոխպատվաստումը լայնածավալ մասշտաբ կստանա Հայաստանում, այդ ժամանակ պացիենտներն արտերկիր մեկնելու կարիք չեն ունենա: Բացի այդ, բուժման այս մեթոդի ներդրումը նոր թափ կհաղորդի Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտների զարգացմանը, ինչն ուղղակի ազդեցություն կունանա ինչպես կլինիկական բժշկության, այնպես էլ գիտության վրա»,- հայտնել է Գևորգ Սիմոնյանը` հավելելով, որ արտերկրից հիվանդների ժամանումը Հայաստան, լուրջ հնարավորություն է ստեղծում մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար։ Ոսկրածուծի ալոգեն փոխպավաստում չի կատարվում տարածաշրջանի շատ երկրներում, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ բժշկական միջամտության արժեքը հասնում է հարյուր հազարավոր դոլարների, ինչն անհասանելի է դարձնում բուժման այս մեթոդը շատ հիվանդների համար։
Հայաստանում այս մեթոդի արժեքը կարող է զիջել` դարձնելով մեր երկիրը բավականին մրցունակ։ Հիվանդների ներհոսքը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ և նպաստել նաև այդ տարածաշրջաններից այլ բժշկական խնդիրներով հիվանդների ժամանելուն։
Կարծիքներ