Համահայկական երազանքի մասին
Վերջերս շատ է շրջանառվում «համահայկական կապիտալ» արտահայտությունը: Նշվում է նույնիսկ գումարի կոնկրետ չափ՝ 350 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ առավել համարձակները՝ տրիլիոն ԱՄՆ դոլար: Կարծում եմ՝ պետք է զերծ մնալ համահայկական կապիտալի վերաբերյալ ցանկացած անդրադարձից, առավել ևս շահարկումից. մենք այդպես էլ երբևէ չենք իմանա, թե ինչ՞ խնդիրներ ունեցավ իր երկրի իշխանությունների հետ մեծագույն հայը՝ Քրքորյանը, երբ ծավալուն բարեգործություն էր իրականացնում Հայաստանում:
Համահայկական կարող է լինել երազանքը՝ գաղափարը, որ կարող է համակել հայերին երկրում և սահմաններից դուրս:
Ինչո՞վ էին զբաղված Հայաստանի առաջին կառավարիչները 100 տարի առաջ. պատերազմում էին, պայքարում սովի դեմ և… կառուցում:
80-ական թվականներից առ այսօր Հայաստանում չի կառուցվել նոր քաղաք՝ ժամանակակից բնակավայր:
Ուզում եմ հավատալ, որ տաղանդավոր և խանդավառ երիտասարդների մի խումբ այս պահին, ժամանակակից արվեստանոցում, ավանդական հայ ճարտարապետության և թամանյանական գենետիկ հիշողությամբ խանդավառ ճարտարապետի գլխավորությամբ, նախագծում է առաջիկա 10-15 տարիների ընթացքում կառուցվելիք մոտ 50.000 բնակչությամբ այն քաղաքը, որը ներկայանալի կլինի աշխարհին՝ բոլոր առումներով:
Հանրային պահանջի դեպքում Կառավարությունը կարող է տեղորոշել կառուցվելիք բնակավայրը՝ հանրային գերակա շահ ճանաչելով մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր Հանրապետության տարածքում:
Հ.Գ. Ներդրողները և ներդրումները կգտնվեն ինքնաբերաբար՝ քաղաքի կառուցման վերաբերյալ հանրային աջակցության պայմաններում:
Ձոնիկ Մարգարյան
Կարծիքներ