Այլընտրանքային ճանապարհը կլուծի մի քանի հարց, բայց ոչ Սյունիքի անվտանգության հետ կապված հարցը
ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ այլընտրանքային Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը թույլ կտա լուծել մի քանի հարց, բայց ոչ Սյունիքի անվտանգության հետ կապված ամբողջական հարցը:
Աբրահամյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով Սյունիք կատարած իր այցին:
Ըստ պատգամավորի՝ տեղում ստեղծված սպառնալիքները, ռիսկերը դեռս շարունակվում են պահպանվել: «Ադրբեջանը սահմանի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում բավականին ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է, որոնք ունեն և´ ռազմական, և´ քաղաքացիական նշանակություն»,- ասաց Աբրահամյանը:
Նա շատ մտահոգիչ համարեց նաև Արցախի բռնազավթված հատվածներում ադրբեջանցիների ամրացումները:
Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհի վերակառուցման աշխատանքներին՝ նա, մասնավորապես, ասաց. «Ճանապարհի հետ կապված աշխատանքները գնում են, այդ ճանապարհը մի քանի հարցեր լուծելու է, բայց Սյունիքի անվտանգության հետ կապված ամբողջական հարցը չի լուծելու»:
Այլընտրանքային Տաթև-Կապան ճանապարհը թույլ կտա շրջանցել Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածը, որտեղ ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել: Այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքները կավարտվեն տարեվերջին:
Կարծիքներ