Պետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը
Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությանը, թե «Կառավարության հույժ գաղտնի որոշմամբ բարձրաստիճան պաշտոնյաները խոշոր պարգևավճարներ են ստացել»։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
Հարց – Լրատվամիջոցներից մեկը երեկ հրապարակել է «հույժ գաղտնի» վերտառությամբ մի փաստաթուղթ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևատրելու համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք և արդյոք իրականությանը համապատասխանում է այդ փաստաթուղթը։
Պատասխան – Տեղեկացնենք, որ Կառավարությունը 2025 թվականի նոյեմբերի 27-ին ընդունել է Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը, իսկ Կառավարության 2025 դեկտեմբերի 4-ի նիստում՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշումը։ Նշված փաստաթղթերն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն։
Կառավարության նիստում դրանք եղել են զեկուցվող հարցեր եւ նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել են որոշումների նպատակներն ու սկզբունքները։ Ընդգծենք, որ Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27 N 1712 - Լ որոշումը հրապարկված է www.e-gov.am կայքում, և հավելյալ ջանք պետք չէր այն «գաղտնազերծելու» համար (https://www.e-gov.am/gov-decrees/item/45624/)։ Հավելենք նաև, որ վերոնշյալ որոշումից բխող Կառավարության՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 4 N 1763-Ն որոշման (https://www.e-gov.am/gov-decrees/item/45675/) գաղտնի կետը վերաբերում է ուժային կառույցներին, որոնց պարագայում համապատասխան գործընթացները մշտապես իրականացվում են նման ընթացակարգով՝ հաշվի առնելով տվյալ մարմինների աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


Կարծիքներ