Մեկ տեղից չէ, որ առաջարկություն եմ ստացել
Բոլոր քիչ թե շատ ակտիվ մարդիկ այսօր ներգրավված են կամ պատրաստվում են ներգրավվել առաջիկա ընտրություններում։ Փաստաբան Սեդա Սաֆարյանը, օրինակ, օրերս ասաց, որ գնում է Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» ցուցակով։ Տեղեկություն ստացանք, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ նման ծրագրեր ունի, որ նա Գուրգեն Արսենյանի հետ է գնալու։ Մշտապես հասանելի Հմայակ Հովհաննիսյանը երեկ կապի դուրս չեկավ՝ անարձագանք թողնելով մեր զանգերը։
Գուրգեն Արսենյանն էլ նախ ասաց՝ «լուրջ բաներով» զբաղվեք, իսկ ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին իր ոճով ասաց․ «Երբ ընտրությունները լինեն, վարչապետը երբ հրաժարական տա, ու հենց 2 անգամ վարչապետի ընտրություն չի լինի, այսինքն՝ օրենքի ուժով ԱԺ-ն կլուծարվի, եւ կնշանակվեն նոր ընտրություններ, այն ժամանակ, կարծում եմ, բոլորը կունենան լեգիտիմ իրավունք՝ զանգելու հարցնելու․․․ Դուք մասակցելո՞ւ եք, ո՞նց եք մասնակցելու, իսկ Հմայակ Հովհաննիսյանը դաշինքի մե՞ջ է լինելու, թե՞ դաշինքից դուրս է լինելու․ հիմա ո՛չ աղջիկն ա համաձայն, ո՛չ տղեն, քավորն էլ չկա սկի»։ Զրուցեցինք Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ։
- Դուք ընտրություններին մասնակցելու մասին մտածո՞ւմ եք։
- Ահ, եթե ասեմ՝ չեմ մտածում, ճիշտ չի լինի, եթե ասեմ՝ ունեմ որոշում, դա էլ ճիշտ չի լինի։ Նախ, մի պարզ պատճառով՝ չկա կոնկրետ ընտրական պրոցես, որը պահանջի կողմնորոշվել վերջնականապես։ Այսինքն՝ ընտրությունների օր նշանակված չէ եւ այլն։ Իսկ մնացած առումներով՝ թերեւս։ Էնպես չէ, որ բոլոր ընտրությունների ժամանակ չեմ մտածել, բայց, ճիշտն ասած, 2013-ից, երբ արդեն դուրս եկա, այսպես կոչված, կուսակցական քաղաքականությունից․․․․ իհարկե, ես ավելի շատ քաղաքականությանը վերաբերվել եմ որպես հետազոտող, մասնագետ՝ ազդելով էդ գործիքի միջոցով։ Հիմա եթե խոսում ենք խորհրդարանի ընտրություններին մասնակցելու մասին, ապա ինձ համար այդ որոշումը կայացնելը հեշտերից չէ։
- 2017-ին մասնակցեցիք ընտրություններին։
- Իհարկե, ներկայիս ընտրությունները չես համեմատի 2017-ի հետ։ Թեպետ, ո՞վ գիտի։ Համենայնդեպս, իմ կարծիքով՝ ամենատհաճ, ամենամարդուն բարոյապես ոչնչացնողը թերեւս 2017-ի ընտրություններն էին, եւ էս առումով ինձ վրա շատ տհաճ նստվածք է թողել եւ հետեւանքներ։ Այնպես, որ դրանից հետո իմ կողմից նույնիսկ ակտիվ նախաձեռնություն չեղավ՝ մասնակցելու 2018-ի ընտրություններին, թեպետ դա, կարծում եմ, հնարավոր կլիներ։ Ուղղակի իմ մոտ էնքան մեծ էր հիասթափությունը եւ նողկանքը «ընտրություն» կոչվածից, որ նախընտրեցի շարունակել անել այն, ինչ անում եմ։ Իսկ հիմա չգիտեմ, ճիշտն ասած։
- Հրավերներ եղե՞լ են, նախապատվություն ունե՞ք․ «Իմ քայլը», «Հանուն հանրապետությանը»։
- Ասեմ․ նախնական առաջարկություններ՝ մեկ տեղից չէ, որ ստացվել են։
- Նշածս շրջանակների՞ց։
- Նշած եւ չնշած։ Էնպիսի ուժեր կան, որոնք կարծեք թե մասնակցելու են, որոնց մասին դուք էլ չգիտեք, որովհետեւ իրենք դեռ չեն հայտարարում։
- Իսկ անցողիկ տեղերո՞ւմ են առաջարկում։
- Եթե ես ասում եմ, որ դեռ էդպիսի որոշում չունեմ, ի՞նչ եք կարծում, էդպիսի զրույց կգնա՞ր։ Իհարկե, չի գնացել։ Ինձ հետ եղել են ե՛ւ ուղիղ զրույցներ, ե՛ւ ակնարկներ՝ փորձելով ստուգել վերաբերմունքս։ Ես կվերադառնա՞մ, թե՞ ոչ քաղաքականություն․ ես «ոչ» չեմ ասել, բայց «այո»-ն էլ չունեմ իմ համար։ Թե հիմա ինչ իրավիճակ կլինի, եւ ինչ որոշում կկայացնեմ, թերեւս բարդ է ասել, որովհետեւ անգամ ընտրություններ հայտարարված չեն․․․ էն, որ ասում է․ «Մինչեւ առուն չես թռել, մի ասա՝ հոպ»։
- Իսկ ի՞նչն է Ձեզ հետ պահում քաղաքականություն չվերադառնալուց, թե՞ վստահ չեք այդ ուժերի նկատմամբ։
- Շատ պարզ եմ ասելու, շատ անկեղծ՝ իմ ինստիտուտը ստեղծելով, որը, անշուշտ, քաղաքականության վրա ազդող կառույցներից մեկն է, ինքս ընտրության մեծ հնարավորություն ունեմ՝ զբաղվել էն թեմաներով, որոնք ինձ դուր են գալիս։ Իսկ պառլամենտում, հատկապես երբ բարձր է ներքին պատասխանատվությունդ ընտրողիդ առաջ, դու արդեն պարտավոր ես զբաղվել նրանով, ինչով որ պարտավոր ես։ Միգուցե շատերն ընտրողաբար էլի անում են այն, ինչ իրենց դուր է գալիս, բայց ես էդպես չեմ աշխատել ո՛չ 2007-ին, ո՛չ 2013-2017թթ․ Երեւանի ավագանիում։ Ես միշտ պարտավորված եմ զգացել՝ զբաղվել էն խնդրով, որն ինձնից հավելյալ ժամանակ է խլում։
- Այսինքն՝ չեք ուզում կաշկանդված լինել եւ աշխատել հայկական ձեւով։
- Հա, չեմ ուզում աշխատել այնպես, ինչպես ավանդաբար աշխատել են եւ միգուցե այսօր էլ աշխատում են շատերը, որովհետեւ ես էդպես չեմ կարող աշխատել։ Հիմա էլ․ Հանրային խորհուրդն ինձ համար հավելյալ բեռ է, որ ինձ վրա վերցրել եմ․․․ գյուղատնտեսությունն իմ հոբբին չէ, որ ես դրանով զբաղվեմ, կամ ագրոհամալիրները, կամ մյուս-մյուս խնդիրները։ Իմ ընտրած գործիքով՝ հետազոտական կենտրոնով, ես եմ իմ ընտրությունը կատարում, եւ էդտեղ իմ խիղճը մաքուր է։ Որովհետեւ ես կարողանում եմ անել այն, ինչը, իմ կարծիքով, լավ եմ անում։ Իսկ մյուս դեպքում էլ չես կարող ընտրողին ասել՝ գիտես, իմ նախասիրությունները սրանք են․․․ Դուք կհիշեք՝ մենք խորհրդարանում էն ժամանակ քիչ էինք, ամեն մեկս մի քանի հանձնաժողովներ էինք ծածկում։ Հո լավ օրից չէ՞ր, դու գիտես, որ պարտավորված ես դա անել որպես խորհրդարանական ընդդիմություն։ Էս առումով ինձ համար բավականին բարդ է, որովհետեւ պետք է ընտրես քո անձնական ազատության ու քաղաքական պատասխանատվության միջեւ։ Բայց միայն սա չէ պատճառը, որովհետեւ դատելով էն քաղաքական մշակույթից, որ մենք էսօր տեսանք Ագարակում՝ քաղաքական կողմնորոշում ունեցող խմբի կողմից, մտածում ես՝ եթե քաղաքական պայքարն էլ է դա լինելու, դա էլ է քեզ մտածելու տեղիք տալիս՝ մտնե՞լ, թե՞ չմտնել։
Աղբյուրը՝ hraparak.am
Կարծիքներ