Մերկելը հանդիպումներ կանցկացնի Իտալիայի և Իսպանիայի վարչապետների հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Իտալիայի և Իսպանիայի վարչապետների հետ: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը:
«Մերկելը երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ: Զրուցակիցները կխոսեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների, առաջիկա Եվրոպական խորհրդի մասին, ինչպես նաև կքննարկեն երկկողմ և եվրոպական քաղաքականության հարցեր»,-հայտարարել է Ֆիցը՝ հանդես գալով հուլիսի 10-ին կայացած ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ Մերկելը և Կոնտեն մամուլի ասուլիս կանցկացնեն Երևանի ժամանակով մոտավորապես 19:30-ին:
Հուլիսի 14-ին Մերկելը հանդիպում կունենա Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ: «Երեքշաբթի օրը Մերկելը Բեռլինում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին կընդունի ընթրիքի: Խոսք կլինի Գերմանիայի նախագահության գերակայությունների մասին, զրույցի կենտրոնում կլինի կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետեւանքների դեմ պայքարը, ինչպես նաև կխոսվի Եվրոպական խորհրդին նախապատրաստվելու մասին. բացի այդ, կողմերը կարծիքներ կփոխանակեն երկկողմ հարցերի վերաբերյալ»,-հայտարարել է Ֆիցը, հավելելով, որ երկու պետությունների կառավարությունների ղեկավարները նաև մամուլի ասուլիս կանցկացնեն Երեւանի ժամանակով մոտավորապես 20:30-ին:
Հուլիսի 16-ին Մերկելը կուղեւորվի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին (Եվրոպական խորհուրդ)՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ