Համալսարանին համալսարանականից․ բաց նամակ
Կյանքիս վերջին 23 տարիներն անց եմ կացրել համալսարանում և երբևէ չեմ մտածել, որ կարող եմ ասել․․․ամաչում եմ․․․ Էժանագին պոպուլիստական կոչեր, ագրեսիվ մամուլի ասուլիսներ, առանձին ֆակուլտետների և ինստիտուտների մակարդակով «հասարակական անկարգություններին» մասնակցելու պատրաստակամություն․․․սա՞ է այրվող, ժամանակի մեջ ընդհատված, ողնաշարը կոտրված երկրիս Մայր բուհի, գիտական հանրության, մտավորականության կեցվածքը․․․ աչքի առաջ քանդվում է համերաշխությունը, ցավը և հուսահատությունը խեղդում են, չգիտենք, թե որտեղ ենք և ուր պիտի գնանք, դեռևս հողին չենք հանձնել մեր հերոս նահատակների աճյունները․․․ իսկ մե՞նք․․․ Ամեն խոսափող տեսնելիս ԵՊՀ անունից (իմ, գործընկերներիս, ուսանողներիս) որոշ համալսարանականներ վրդովված բողոքում են, որ վտանգված է բուհի ինքնավարությունը, որ փորձ է արվում քաղաքականացնելու բուհը, որ բուհն ապաքաղաքական կառույց պետք է լինի (ինչի հետ դժվար է չհամաձայնվել), իսկ հաջորդ վայրկյանին մարդկային ողբերգություն, հումանիտար աղետ և ճգնաժամ վերապրող հասարակությունը հոշոտող, պատռող, հակասահմանադրական ճանապարհով իշխանության բռնազավթման նպատակ հետապնդող «անկարգություններին» մասնակցելու պատրաստակամություն են հայտնում՝ ստանալով ԵՊՀ Արհմիության լիարժեք աջակցությունը․․․ Սա՞ ենք մենք․․․ «Նիկոլ-դավաճան-թուրք-հողատու-հայրենիք ծախող» և «բոլորը-դեպի-փողոցային-անկարգություններ» ալգորիթմից դուրս, մեղավորներ որսալու և մատնացույց անելու տրամաբանությունից դուրս ասելիք չունե՞նք, չէ՞․․․ԴՈՒՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՅԼ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵ՞Ք։ Գուցե ես սխալ մտավորական եմ կամ սխալ համալսարանական, բայց վստահ եմ, որ մեր ասելիքն ու պատասխանատվությունը հասարակության և պատմության առաջ այլ է։ Մենք կատարվածը վերլուծելու, իմաստավորելու, սխալները և բացթողումները վերհանելու, սթափ քննադատելու, վերքերը ամոքելու, փշուր-փշուր եղած հասարակությունը սոսնձելու, այդ սոսինձը հայտնագործելու և հայթհայթելու, ճգնաժամերը հաղթահարելու ուղիներ և հայեցակարգային լուծումներ առաջարկելու համար ենք ․․․և ոչ այս կամ այն շրջանակների նեղ կուսակցական շահերը սպասարկելու, բացված վերքերին աղ ցանելու, հասարակությունից մեր պատառը պոկելու, դժգոհելու, սպառնալու, բախտն անիծելու, ոսկորների վրա պարելու և պետության վերջն ավետելու համար: Ուզում եմ հավատալ, որ Մայր բուհում միավորված գիտական համայնքը այս հարցում պետք է կասկածներ չունենա, գիտելիքը քաղաքական քարոզչությամբ փոխարինելու գայթակղություն չունենա և քաղաքական այս կամ այն գործընթացները լեգիտիմացնող խաղաթուղթ չդառնա։ Հ․Գ․ Ուզում եմ հրապարակավ շնորհակալություն հայտնել Սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոսներին (մեծատառով մարդ և մեծատառով մասնագետ գործընկերներիս) պատերազմի օրերին և հետպատերազմյան շրջանում կատարված և կատարվող ահռելի աշխատանքի համար՝ պետությանը, հասարակությանը և մարդուն արմունկ լինելու համար։ Հպարտ եմ նաև, որ իմ հարազատ ֆակուլտետն այդ «անկարգություններին» միացող ֆակուլտետների և ինստիտուտների ցանկում չտեսա (թեև կասկած անգամ չունեի, որ կարող եմ տեսնել) և խոսքն այստեղ ամենևին էլ տարբերվող, հաճախ իրար խիստ հակասող քաղաքական հայացքների և գնահատականների մասին չէ (ինչը լիովին բնական է, հասկանալի և անգամ՝ ողջունելի), այլ արժեքների և ինքնագիտակցության․․․ պարզապես արժեքների․․․ պարզապես ինքնագիտակցության։
ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Սոնա Կարենի Սաղաթելյան
Կարծիքներ