3-4 տարի հետո Երևանում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ․ Տիգրան Ավինյան
80-ականներին հիմնադրված Երևանի համար 22 մանկապարտեզը հերթականն է, որտեղ ապահովվել են նոր ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 230 փոքրիկների համար։
Այս մասին հայտնել են քաղաքապետարանից։
2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխել է կրթօջախի միջավայրը: Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից:
Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ՝ այստեղ իրականացվել են նաև սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետ միջոցառումներ: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ, ինչի արդյունքում շուրջ 50%-ով կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը:
Ծրագրի առաջին փուլով նախատեսված մանկապարտեզների ընդհանուր թիվը 50 է: Հիմնանորոգման, վերակառուցման և սեյսմիկ վերազինման համար նախատեսված 15 մանկապարտեզից 8-ն արդեն իսկ հանձնված է շահագործման: Եվս 5-ում շինարարությունն ընթացքում է:
Երևանում համայնքային ու միջազգային ծրագրերով կհիմնանորոգվեն բոլոր մանկապարտեզները:
«Մեր երեխաներն արժանի են կրթվել և դաստիարակվել լավագույն պայմաններում։ Մենք խոստացել ենք, որ երեքից չորս տարի հետո Երևան քաղաքում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Կարծիքներ