ՄԱԿ-ում հայտարարել են, որ ԱՄԷ-ն մինչ օրս Դուբայի արքայադստեր ողջ լինելու վերաբերյալ համոզիչ ապացույցներ չի ներկայացրել

ՄԱԿ-ում հայտարարել են, որ ԱՄԷ-ն մինչ օրս Դուբայի արքայադստեր ողջ լինելու վերաբերյալ համոզիչ ապացույցներ չի ներկայացրել

ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Մարթա Ուրտադոն հայտարարել է, որ չնայած կառույցի հորդորներին՝ Արաբական Միացյալ Էմիրությունները Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի դստեր` արքայադուստր Լատիֆայի ողջ լինելու վերաբերյալ դեռևս համոզիչ ապացույցներ չի ներկայացրել, հաղորդում է The Guardian-ը։

Նշվում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչությունը բազմիցս դիմել է Դուբային՝ արքայադուստր Լատիֆայի ողջ լինելու վերաբերյալ «ապացույցներ» տրամադրելու խնդրանքով․ այդ պահանջին կողմ են հանդես եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, ինչպես նաև արևմտյան այլ կառավարությունների ներկայացուցիչներ։

Մարթա Ուրտադոն այսօր Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄԷ-ն չի պատասխանել իր հարցմանը և չի հայտնել՝ ինչ պայմաններում է բնակվում արքայադուստր Լատիֆան։

«Մենք նրա ողջ լինելու վերաբերյալ ոչ մի ապացույց չունենք և կցանկանայինք ստանալ գոնե մի համոզիչ ապացույց։ Մեր առաջին մտահոգությունը, իհարկե, համոզվելն է, որ նա դեռ կենդանի է»,- ասել է Ուրտադոն:

35-ամյա Լատիֆայի ճակատագրի վերաբերյալ մտավախություններ են առաջացել ամիսներ առաջ BBC-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ 35-ամյա արքայադուստրը նշում էր՝ «գտնվում է առանձնատանը, որը բանտի է վերածվել»։

«Ես պատանդ եմ։ Այս առանձնատունը բանտի են վերածել։ Բոլոր պատուհանները վանդակաճաղերով փակ են, ես չեմ կարող բացել ոչ մի պատուհան։ Ես նույնիսկ չեմ կարող դուրս գալ փողոց և թարմ օդ շնչել։ Ամեն օր ես վախենում եմ իմ կյանքի համար»,- ասել էր նա։

Արքայադուստր Լատիֆայի խոսքով՝ «իրեն սպառնացել են, որ ամբողջ կյանքն անց է կացնելու բանտում և արևի շող չի տեսնելու»։

Անցյալ տարի Լոնդոնի Բարձր դատարանը նրա հորը՝ Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումին, մեղավոր էր ճանաչել երկու դուստրերի՝ արքայադուստր Շամսային և արքայադուստր Լատիֆային առևանգելու համար։

Դատավորը Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի գործողությունները որակել էր ոչ միայն թագավորության, այլև միջազգային իրավունքի խախտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում