Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խորվաթական խոշոր ընկերության հետ համագործակցության հարցեր
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են խորվաթական «Institute IGH» ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուներից բացի, մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Enterprise Armenia»), Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS), «Global USA» ընկերության ու Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել են մի քանի ընկերություններից բաղկացած «Institute IGH»-ի՝ հայաստանյան քաղաքաշինական ծրագրերում ներգրավվելու և մասնագիտական ու տեխնոլոգիական ներուժի զարգացման ուղղությամբ Հայաստանի պետական կառույցների, կրթական հաստատությունների հետ համագործակցելու հնարավորությունները։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Ակադեմիական քաղաք» հայեցակարգին, դրա իրագործման տարբեր փուլերում ընկերության ներգրավման հնարավոր տարբերակներին։ Ընկերության ներկայացուցիչների ուշադրությանն են ներկայացվել նաև ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական կառույցների շինարարության առանցքային ծրագրերը։ Համագործակցության ուղղություններից նախանշվել է նաև BIM ստանդարտների մշակումը՝ Հայաստանի քաղաքաշինության ոլորտում կիրառելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ «Institute IGH»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 1949-ին հիմնադրված ընկերությունն ունի լաբորատորիաներ, որոնք խոշորագույններից են Եվրոպայում։ Այն իրականացնում է կամուրջների, թունելների, ճանապարհների, բնակելի, հասարակական ու արտադրական շենքերի նախագծում, շինարարություն, տեխնիկական հսկողություն։
Նշվում է, որ ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել, թվարկված ուղղություններից բացի, համագործակցելու Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ՝ մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների, ծրագրերի ուսուցման ուղղությամբ։
Հանդիպման արդյունքներով նախատեսվում է ստորագրել հուշագիր՝ համագործակցության հիմքեր ձևավորելու համար։
Կարծիքներ