Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարը գնահատվել է 54 միլիոն դոլար
Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկարը, որը կորած էր շուրջ 100 տարի, հայտնաբերվել է Վիեննայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Նկարը պատկանել է Լիզերների ընտանիքին․ նրանում պատկերված է ընտանիքի դուստրը։ Կլիմտի այս կտավը հանրության տեսադաշտից անհետացել էր 1925 թվականից։
Այդ ժամանակից ի վեր նկարի ճակատագիրը հայտնի չէր, սակայն վերջերս պարզվել է, որ 1960 թվականից այն հանգրվանել է այլ ընտանիքի արխիվում։
«Իմ Կինսկի» աճուրդի տունը նկարը գնահատել է ավելի քան 54 միլիոն ԱՄՆ դոլար (42 միլիոն ֆունտ ստեռլինգ)։
«Տասնյակ տարիներ շարունակ այսքան հազվագյուտ և նշանակալից արվեստի գործ չէր եղել Կենտրոնական Եվրոպայի արվեստի շուկայում», - հայտնել է աճուրդի տունը։
Նկարը վերադարձվել է Լիզերների ընտանիքի իրավահաջորդներին՝ ըստ միջազգային համապատասխան համաձայնագրի։ Ընտանիքն այն հանել է աճուրդի, սակայն նախքան ապրիլի 24-ին կայանալիք աճուրդը նկարը կցուցադրվի Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Հոնկոնգում։
Կլիմտի կտավները միշտ բարձր են գնահատվել․ նրա «Հովհարով տիկինը» վաճառվել է 85.3 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ դառնալով Եվրոպայում աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ արվեստի գործը։
Կարծիքներ