Էրդողանն ինչ էլ անի, կորցնելու է իշխանությունը առաջին իսկ ընտրության ժամանակ. Քըլըչդարօղլու

Էրդողանն ինչ էլ անի, կորցնելու է իշխանությունը առաջին իսկ ընտրության ժամանակ. Քըլըչդարօղլու

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կարծիք է հայտնել, որ առաջիկա ընտրություններում Էրդողանը կկորցնի իշխանությունը, փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքական «Sözcü» թերթի վերլուծաբան Դենիզ Զեյրեքի հետ զրույցում Քըլըչդարօղլուն հավանական է համարել, որ ընտրություններից առաջ թուրքական իշխանությունները կարող են ընտրական օրենքներում նախաձեռնել այնպիսի փոփոխություններ, որոնք կխոչընդոտեն դաշինքների մուտքը խորհրդարան։

«Էրդողանն իր իշխանությունը շարունակական դարձնելու համար ընտրական օրենքների հետ է սկսել խաղալ։ Սակայն ճշմարտությունը, որը ցույց է տալիս պատմությունը սա է․ իշխանությունը, որն սկսում է խաղալ ընտրական օրենքների հետ, անցողիկ է»,-հայտարարել է Քըլըչդարօղլուն։

Նա պնդել է, որ Էրդողանը չի կարողացել ճիշտ սահմանել իր առաջնահերթությունները, փակվել է պալատում, կտրվել թուրքական իրականությունից և այժմ միայն մտածում է, թե ինչպես պահպանի իր գոյությունն այդ պալատում։

«Անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ կանի օրենքներում՝ Էրդողանը հեռանալու է։ Հասարակությունն արդեն չի ուզում։ Առաջին իսկ ընտրության ժամանակ տեղի կունենա իշխանության փոփոխություն»,- նշել է ընդդիմադիր առաջնորդը։

Նշենք, որ Թուրքիայում վերջին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2018թ․ հունիսին, իսկ ՏԻՄ ընտրությունները՝ 2019-ին։ Առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2023թ․ հունիսին։ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում