Թանկյանի համահիմնադրած Creative Armenia-ն հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհ
Creative Armenia մշակութային հիմնադրամը հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհների մրցույթ, որին կարող են դիմել, կինոգործիչները, լուսանկարիչները, գրողները և բոլոր արվեստագետները, ովքեր ցանկանում են խթանել Արցախի մասին իրազեկումը։
Այս մասին տեղեկացրին Creative Armenia մշակութային հիմնադրամից։
«Արվեստագետները հանուն Արցախի» ծրագիրը ստեղծարար դրամաշնորհ է կինոգործիչների, լուսանկարիչների, գրողների և բոլոր արվեստագետների համար, ովքեր իրենց ստեղծագործություններով ուշադրությունը սևեռում են Արցախի և նրա ժողովրդի վրա։ «Անկախ նրանից ՝ դուք հիմա Արցախում եք, թե ստեղծագործում եք նրա սահմաններից դուրս, ճշմարտությունը լսելի դարձնելու և իրազեկմանը նպաստելու համար կարող եք դիմել #ArtistsForArtsakh դրամաշնորհներին և ձեր նախագծի համար ստանալ աջակցություն։
«Ֆիլմերի, լուսանկարների, գրականության, երաժշտության և արվեստի միջոցով է, որ աշխարհը կհասկանա, թե ինչ է կատարվում Արցախում», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Ուստի կարևոր է, որ մենք աջակցենք բոլոր ոլորտների ստեղծագործողներին՝ կյանքի կոչելու հարձակման ենթարկված ժողովրդի և երկրի կենդանի տարեգրությունը»։
«Գրեմմի» մրցանակակիր երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանգյանն իր երախտագիտությունը հայտնեց այն արվեստագետներին, ովքեր ամրագրում են «տեղի ունեցողի տեսարանները, հնչյունները, հոտերը և զգացմունքները և դրանք կիսում են աշխարհի հետ, որպեսզի ոչ ոք մենակ չլինի առաջնագծում»։ Creative Armenia-ի հիմնադիր անդամն ու խորհրդատուն ավելացրեց. «Արվեստագետը իր մուսայի, իր և ընդհանուր տիեզերքի հանդեպ մշտապես ճշմարիտ լինելու պարտականություն ունի»։
«Արվեստագետները հանուն Արցախի» ծրագրի մասին ավելին իմանալու և դիմելու համար կարող եք այցելել www.creativearmenia.org/artistsforartsakh կայքէջը։ Այնտեղ կգտնեք նաև հարցազրույցներ, էսսեներ և այլ աշխատանքներ Արցախի մասին կամ Արցախի արվեստագետների կողմից։ Հայտերն արդեն ընդունվում են։
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը արվեստի տարբեր ոլորտներում գործող նորարար արվեստագետների հայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու համաշխարհային մանդատ ունի։ Իմացե՛ք ավելին creativearmenia.org կայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ