Կոչ ենք անում հայ ինտելեկտուալներին չխնայել եռանդն ու գիտելիքը՝ օգնելու մեր երկրին ոտքի կանգնել. Արամ Սաֆարյան
Հայաստանի ստարտային պայմանները այսօր շատ ավելի բարդ են, քան տարիներ առաջ: Նախկին դեղատոմսերը չեն աշխատելու: Այդ պատճառով Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները կոչ են անում հայ ինտելեկտուալներին չխնայել իրենց եռանդն ու գիտելիքը օգնելու համար մեր երկրին ոտքի կանգնելու ընկած վիճակից:
Այս մասին «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» թեմայով անցկացվող համաժողովին հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը՝ նշելով, որ ավանդական դարձած համաժողովը, որն անցկացվում է «ուղեղային գրոհի» ձևաչափով, իր առջև մի քանի բարդ խնդիր է դրել:
«Մենք փնտրում ենք ազնիվ մարդկանց, եռանդուն կազմակերպիչների, առաջնորդների հատկություններով հայրենասերների, որպեսզի օգնենք նրանց մուտք գործելու քաղաքական գործընթաց, օգնենք հայրենիքին և հնարավորություն տանք առավելագույնս բավարարելու իրենց քաղաքական նկրտումերը: Մենք կարծում ենք, որ արդեն այսօր հարկ է աշխատել, որպեսզի վաղվա Հայաստանի ակտիվ քաղաքական գործիչները շարունակեն երկրի քաղաքական գիծը, որն ապահովում է կայունություն, անվտանգություն և զարգացում: Մեզ համար մեծ ճոխություն է կրավորական կեցվածքով հետևել, թե ինչպես է խորանում ճեղքվածքը սերունդների մտածելակերպի և մոտեցումների միջև», - ասաց Արամ Սաֆարյանը:
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ առաջին հերթին մեր հասարակությունը ուզում է իմաստավորել սոցիալ-քաղաքական իրավիճակը, որը ձևավորվել է անցած ընտրությունների արդյունքում: Այլ խոսքերով՝ հայ քաղաքական և հասարակական վերնախավը, հանրության ակտիվ մասը հարց է տալիս՝ ի՞նչ ուղղությամբ է ծավալվելու քաղաքական գործընթացը Հայաստանում, ո՞ւր է տանելու Հայաստանը խորհրդարանական մեծամասնության իշխանությունը, կարո՞ղ ենք հույս ունենալ, որ կհաղթեն քաղաքացիական համերաշխությունը, հասարակական միասնությունն ու հանդուրժողականությունը, թե՞ երկիրը այսուհետ էլ կշարունակի գլորվել թշնամանքի և պառակտման անդունդ, և վերջապես՝ ինչպե՞ս է զարգանալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
Արամ Սաֆարյանի խոսքով՝ երկրորդը հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համակողմանի զարգացման, խորացման և ամրապնդման հարցն է:
«Խորհրդարան անցած բոլոր երեք քաղաքական կուսակցությունները գերազանց պատկերացնում են այդ ռազմավարական դաշինքի և գործընկերային փոխգործակցության կարևորությունը: Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն. մեր համաքաղաքացիների մեծ մասը հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օգտին: Նրանք կողմ են, որ ռուսական զինված ուժերը մասնակցեն մեր սահմանների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև հայկական զինված ուժերի արդիականացման և վերազինման գործընթացին: Մեր ժողովրդի մեծ մասը շարունակում է վստահել Ռուսաստանին և խնդրում է նրա ղեկավարությանը հնարավոր համակողմանի օգնություն ցույց տալ մեր ռազմագերիների վերադարձման հարցում», - ասում է Արամ Սաֆարյանը:
Միաժամանակ վերլուծաբանը հարց է բարձրացնում, որ պետք է ուսումնասիրել՝ ինչո՞ւ խորհրդարան չանցան ռուսամետ գաղափարախոսությամբ փոքր կուսակցություններ և որքա՞ն է օրինաչափ հակառուսական հռետորաբանությամբ առաջ շարժվող քաղաքական ուժերի խորհրդարան չմտնելը:
Մյուս կարևոր հարցն, ըստ նրա, հետկորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարումն է: Արամ Սաֆարյանի խոսքով՝ 2020 թ. կորոնավիրուսի ավերիչ համավարակից հետո Հայաստանը դանդաղ և զգուշորեն փորձում է դուրս գալ զարգացման և տնտեսական աճի մայրուղի: Այս առումով Եվրասիական փորձագիտական ակումբը հայկական տնտեսության զարգացումը խթանելու համար նպատակ է դրել հետազոտել ընթացող տնտեսական գործընթացները և եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանի մասնակցության ներուժը մի նպատակով՝ խթանել հայկական տնտեսության զարգացումը ու իր փորձագետների միջոցով հայ հասարակության մտածող մասի հետ կկիսվի իր հետազոտությունների նյութերով, որոնք կպատմեն Հայաստանի տնտեսության իրական վիճակի, ինչպես նաև տեսանելի հեռանկարում տնտեսական կանխատեսումների մասին:
Փորձագիտական ակումբը մեծ կարևորություն է տալիս նաև Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության, որը Արամ Սաֆարյանի խոսքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ճեղք է տվել, և այժմ՝ ստեղծված նոր իրողություններում, ժամանակակից աշխարհի առաջատար ուժային կենտրոնները փորձելու են նորովի Հայաստանին քաշել իրենց կողմ և նոր պայմաններում պայքարել իրար դեմ հայ հասարակության վրա ազդեցության նպատակով:
«Մենք կոչ ենք անում հայ քաղաքական ու հասարակական գործիչներին չվերածել քաղաքական երկխոսությունը կողմնորոշումների պատերազմի և չվերածել Հայաստանը արյունահեղ, ինքնաոչնչացնող պայքարի թատերաբեմի», - ասաց Սաֆարյանը՝ ընդգծելով, որ իրենք դեմ չեն երկխոսությանը, թեժ վեճերին և խորաթափանց քննարկումներին, բայց իրենք դեմ են սեփական ձեռքերով հայ ազգը թուլացնելուն և զինաթափ անելուն, Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ-հանդիման թողնելուն:
«Եվրասիական փորձագիտական ակումբը կարծում է, որ Ռուսաստանի հետ դաշինքի, հայկական սփյուռքի գործնական շահագրգիռ մասնակցության և աշխարհի առաջատար երկրներում մեր բարեկամների օգնությամբ մենք վերջապես կկարողանանք դուրս գալ շարունակական կայուն աճի ու զարգացման ուղի, նվազագույնի հասցնել մեր երկրի ապաբնակեցումը և արժանապատվորեն ներկայացնել մեր փոքրիկ հայրենիքը միջազգային գործերում», - նշեց Արամ Սաֆարյանը:
«Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» թեմայով «ուղեղային գրոհը» կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը:
Կարծիքներ