Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:

Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ:

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում