Մայրաքաղաքում մեկնարկել է 500 վերելակի փոխարինումը. Երևանի վերելակների գրեթե կեսը նորացված կլինի
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով: Հասցեներն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը: Քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասն ավելի քան 4 տասնամյակ սպասարկում է բնակիչներին:
«Երևանի քաղաքապետարանը վեցերորդ տարին անընդմեջ իրականացնում է վերելակների փոխարինման ծրագիրը: 2019 թվականից սկսած, այս տարին էլ ներառյալ, քաղաքում կունենանք փոխարինված 2051 վերելակ: Սրանով կարող ենք արձանագրել, որ քաղաքի վերելակային ֆոնդի գրեթե կեսը փոխարինել ենք: Հաշվի առնելով, որ վերելակները բաժնային սեփականություն են, ծրագիրն իրականացնում ենք՝ թեթևացնելու բնակիչների սոցիալական բեռն ու ապահովելու քաղաքացիների անվտանգությունը»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
«Այս պահին միանգամից 97 հասցեներում սկսվել է փոխարինումը: Տեղադրվում են 400 բելառուսական ու 100 ռուսաստանյան արտադրության սարքավորումներ: Շահագործման ժամկետը մոտ 25 տարի է»,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչոթյան պետ Կամո Բադանյանը:
Ամեն մի վերելակի փոխարինման համար սահմանված է 40 աշխատանքային օր: Նախքան շահագործվելը յուրաքանչյուր վերելակ հատուկ փորձաքննության է ենթարկվելու: Ի դեպ, դրանք հարմարեցված կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Քաղաքացիների խնդիրը վերելակները խնամքով օգտագործելն ու պահպանելն է, քանի որ դրանք իրենց իսկ պատկանող բաժնային սեփականությունն են:
Կարծիքներ