Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Փաշինյան

Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Փաշինյան

Վաղը՝ հոկտեմբերի 5-ին, Գրանադայում կայանալիք հանդիպումից Ալիևի հրաժարվելու պատճառն իսկապե՞ս հանդիպման ձևաչափն է կամ միջնորդները։

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այս իրավիճակում անշնորհակալ գործ է գնահատականներ տալը, քանի որ դրանք անկախ հանգամանքից օբյեկտիվ են թե սուբյելտիվ, կարող են ազդել գործընթացի վրա:

«Ամեն դեպքում կարծում եմ՝ այսօր կարևոր խնդիր է, որ մենք կարողանանք այնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի և շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա։ Այդ սկզբունքների մեջ ոչ մի նոր բան չկա, դրա մասին բոլորը գիտեն:

Այդ սկզբունքները արձանագրված են 2023 թ․ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, որն արել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։

Դրանք հետևյալն են՝ երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ ՀՀ-ի տարածքը 29 հազար 800 քկմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քկմ։

Երկրորդը, որ Ալմաթիի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք՝ սահմանների դելիմիտացիայի, հետագայում նաև դեմարկացիայի համար: Շատ կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի և համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա են արվելու դելիմիտացիան ու դեմարկացիան։ Դա պետք է տեղի ունենա 1975 թ. քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չէ, որ մեր դիրքորոշումն այդ հարցում շատ կարծր է»,– նշել է վարչապետը։

Եվ երկրորդ, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։

Անկախ միջնորդների նկատմամբ ունեցած դիրքորոշումներից, օրինակ եթե Ադրբեջանը հրապարակային ձևով այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումն ընդամենը կարճ ժամանակի հարց է։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են, որ խաղաղության գործընթացին համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությունն այդ սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջացնում, որ խաղաղություն ասելով նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո»,- ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում