Ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի զավթված տարածքները. Արմեն Գրիգորյան
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմին: Եվ հարցին՝ հայկական կողմն արդյոք կանխատեսո՞ւմ է երբևէ հետ բերել կորսված դիրքերը, նա ասել է. «Իմ սկզբունքային դիրքորոշումն է պատերազմը դիտարկել ոչ թե որպես սպրինտերային մրցավազք, այլ՝ մարաթոն։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ «44-օրյա» անվանումը ստացած պատերազմը տասնամյակների նախապատմություն ունի, և այդ առումով, արդյունքները գնահատելու նպատակով, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրություն կատարել։ Ինչ վերաբերում է տարածքներին, ենթադրում եմ, ձեզ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքը հստակ սահմաններով ընդունված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի զավթված տարածքները»։
Հարցին՝ որոշ մասնագետներ Արցախում դեպքերի նման զարգացումը կապում էին Ռուսաստանի հետ Հայաստանի ոչ բավարար համագործակցության հետ, Գրիգորյանն արձագանքել է. ««Որոշ փորձագետներ» արտահայտությունը շատ նկարագրական է։ Եթե դուք դիտարկեք վերջին 3 տարվա հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, ապա կտեսնեք, որ այդ փորձագետները սխալվում են։ Մի կողմ դնելով կեղծ լուրերն ու էմոցիաները և օբյեկտիվորեն վերլուծելով հայ-ռուսական հարաբերությունները՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները համապատասխանել են ՌԴ հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ոգուն և բնույթին։ Բավարար է միայն նշել Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղության պահպանման առումով Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանի մասնակցությունը: Ի դեպ, Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը (ՌՏՎԿ-ЦАСТ) անցյալ տարի համապարփակ և խոր ուսումնասիրություն էր հրապարակել, որում գնահատվում էր Ռուսաստանի դաշնակիցների վարքագիծը։ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առումով ամենասկզբունքային և վստահելի երկրներից մեկն է։ Այսպիսով, եթե նույնիսկ մեր հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն առաջանա, ապա միայն՝ խորացման և զարգացման ուղղությամբ»։
Կարծիքներ