Մեր սահմանների անվտանգության ուժեղացման ոլորտում շարունակում ենք համագործակցությունը ՌԴ-ի հետ. ԱԽ քարտուղար
«Մոսկվա այցը փոխկապակցված է Դուշանբե այցի հետ, որի ընթացքում պլանավորված է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ»,- ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ այցի ընթացքում պլանավորված է քննարկել անվտանգության հարցերի լայն շրջանակ, և դրա ավարտին արդյունքների մասին տեղյակ կպահեն հանրությանը:
Գրիգորյանն անդրադարձել է ՀՀ սահմանների պաշտպանության գործում ՌԴ դերին: Հարցին՝ արդյոք այս հարցում կպահանջվի՞ նոր փաստաթղթերի կնքում կամ արդեն իսկ գործող համաձայնագրերի թարմացում, Գրիգորյանն ասել է. «Կարծում եմ՝ տեղյակ եք, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային-փոխօգնության պարտավորությունները կանոնակարգվում են ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՀՀ-ՌԴ երկկողմ իրավապայմանագրային բազայի վրա, որոնք լայն համագործակցության հնարավորություն են տալիս։ Մինչ այժմ մենք որևէ փաստաթղթային սահմանափակման չենք հանդիպել, որը կարող էր խոչընդոտ լինել մեր համատեղ ծրագրերն իրականացնելու համար։ Եթե հանկարծ հանդիպենք նման խոչընդոտների, ապա կքննարկենք նաև հավելյալ պայմանագրերի ստորագրման կամ արդեն գոյություն ունեցողների թարմացման հարցը։
Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ապա Ռուսաստանը՝ որպես ռազմավարական դաշնակից, կարևոր դերակատարություն ունի, և մենք շարունակում ենք համագործակցությունը Ռուսաստանի հետ մեր սահմանների անվտանգության ուժեղացման ոլորտում»։
Կարծիքներ