ՀՀ ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաների նկատմամբ սակագնային արտոնություն կկիրառվի
Կառավարության որոշմամբ՝ 2022 թվականի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կկիրառվի:
2022 թվականի մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է թիվ 39 որոշումը, որի կետերից մեկով էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսասակագնային արտոնություն կիրառելու մասին որոշում է կայացվել: Այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ամեն երկրի տրվել է որոշակի չափաքանակի քվոտա, որի շրջանակներում ներմուծվող էլեկտրական շարժիչներով մեքենաներն ազատվում են մաքսատուրքից: Հայաստանը վերցրել է 7000 մեքենայի քվոտա: Հաշվի առնելով այն, որ 2021 թվականին եղել է 1900-ից մի փոքր քիչ քանակով և ենթադրել, որ 2022-ին կլինի 7000-ից ավելի, շատ ռիսկային է: Այս պահին բաշխում ենք 6400-ը, որովհետև ուզում ենք որոշակի ռեզերվ պահել լրիվ նոր մեքենաների համար: Մենք բաշխում ենք մի մասը, որպեսզի տեսնենք՝ ինչպես են իրադարձությունները զարգանում»,- ասաց Քերոբյանը:
Նա հիշեցրեց, որ ֆիզիկական անձանց համար այդ որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար, այսինքն՝ այն մարդիկ ովքեր ներուծել են և մաքսատուրք են վճարել, կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարած գումարները, իսկ իրավաբանական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար:
Նախարարը տեղեկացրեց, որ կա նաև որոշում հաջորդ տարվա համար:
«Հաջորդ տարվա համար ունենք 8000 մեքենայի քվոտա, որը հիմա չենք բաշխում, կրկին կախված այն բանից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,- ասաց Քերոբյանը:
«12,5 տոկոս մաքսատուրք էր սահմանված, և այն հանվում է առաջին 6400 մեքենաները ներմուծող ֆիզիկական և իրավաբանական մարդկանց համար: Սա նշանակում է, որ ՀՀ էլեկտրամոբիլներ կարելի է ներկրել 32 տոկոսով ավելի էժան գներով, քան սովորական ներքին այրման շարժիչներով մեքենաները: Կարծում եմ, որ սա իսկապես շատ լավ հնարավորություն է»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ