Շուրջ 500 մասնակից՝ մեկ բեմում․ Երևանում կմեկնարկի «Կողք կողքի» փառատոնը
Երևանի քաղաքապետարանի հովանավորչության ներքո , ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2026 թվականի հոկտեմբերի 2-4-ը կանցկացնի «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Այն անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսի ներքո։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը:
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև հավասար պայմաններ ստեղծելով՝ կրթամշակութային կյանքին նրանց ակտիվ ներառմանը։
Տարեցտարի ընդլայնվում է փառատոնի մասնակից երկրների աշխարահագրությունը․ այս տարի փառատոնին կմասնակցեն սահմանափակ կարողություններ ունեցող շուրջ 500 մասնակից՝ Հայաստանի բոլոր մարզերից, Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից և այլ երկրներից։ Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կկայանա փառատոնի պաշտոնական բացման արարողությունը, որի շրջանակում տեղի կունենա «Առաջին քայլեր» խորագրով համերգը։ Երաժշտական կատարումներով հանդես կգան Երևանի և հանրապետության բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների, ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սաները, ինչպես նաև փառատոնի արտերկրի մասնակիցները։
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում (Black Box) զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների մասնակցությամբ կներկայացվեն թատերական բեմադրություններ: Հոկտեմբերի 3-ին ներառական ոլորտի մասնագետների համար առցանց ձևաչափով կանցկացվի վարպետության դաս- սեմինար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային որակավորում ունեցող հեղինակավոր բժիշկ- մասնագետների կողմից։ Հայաստանում ներառականության զարգացման և խթանման, ոլորտում շարունակական կրթության ապահովման նպատակով վարպետության դասին կմասնակցեն տարբեր կազմակերպությունների շուրջ 200 մասնագետներ, ծնողներ և խնամակալներ։
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակի տարածքում տեղի կունենա փառատոնի գալա համերգը, որի ընթացքում փառատոնի մասնակիցները մեկ բեմում՝ կողք-կողքի հանդես կգան հայաստանյան երաժշտաոլորտի անվանի անհատ-կատարողների, երաժիշտների և երաժշտախմբերի հետ։ Այս տարի փառատոնին մասնակցում են հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանը, ինչպես նաև Իվետա Մուկուչյանը, «Նեմրա», «Լավ Էլի», «Գաթա» բենդերը և այլ անվանի երաժիշտ կատարողներ ու երաժշտական խմբեր։
Գալա համերգի շրջանակում, Ազատության հրապարակի տարածքում կկազմակերպվի առանձնահատուկ կարողություններով երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։ Նշենք, որ 2019 թվականին հիմնադրված փառատոնն այս տարիների ընթացքում լայն թափով զարգացել է։ Հանրապետական կարգավիճակից փառատոնը 2-րդ տարում դարձել է միջազգային, ընդունելով մասնակիցներ՝ Բահրեյնից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից և այլ երկրներից՝ տարեցտարի ընդլայնելով մասնակից երկրների աշխարահագրությունը և խորացնելով համագործակցության շրջանակը։


Կարծիքներ