Միջազգային հանրությունը Թուրքիային պետք է ստիպի դուրս գալ Հարավային Կովկասից. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիան և ստիպել Թուրքիային` դուրս գալ Հարավային Կովկասի տարածաշրջանից: Այս մասին Փաշինյանն ասաց Россия-1 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ընթացքում:
«Թուրքիան ներառված է այս գործընթացում: Մեր հավաստի տեղեկություններով` Թուրքիայի ռազմական ինստրուկտորները և բարձրաստիճան սպաները այժմ գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում և տեղ-տեղ, նույնիսկ, ղեկավարում են ռազմական գործողությունները: Միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկանների է տեղափոխում և տեղակայում Ադրբեջանի տարածքում` Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար: Կա տեղեկություն, որ արդեն Ադրբեջանի բնակավայրերից մի քանիսում բախումներ են տեղի ունեցել այդ վարձկանների և տեղացի բնակիչների միջև, որովհետև վարձկանները փորձում են շարիաթի կանոններ մտցնել այդ գյուղերում: Նրանք մտնում են խանութներ և ստիպում, որ դրանք դադարեցնեն ալկոհոլի վաճառքը և այլն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն, անդրադառնալով այսօր Հայաստանի տարածքում թուրքական F-16 կործանիչի կողմից հայկական ինքնաթիռի խոցմանը, նշեց, որ այդ դեպքը ևս մեկ ապացույց է` հակամարտությունում Թուրքիայի ուղղակի մասնակցության:
«Ակնհայտ է, որ հիմա և' Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են Թուրքիայի անմիջական վտանգի տակ: Թուրքիան առիթ է փնտրում այս հակամարտությունում առավել լայնամասշտաբ ներգրավվելու համար: Իրենք առիթ են փնտրում, որպեսզի իրենց զորքերը տեղափոխեն Նախիջևան: Ունենք տեղեկություն, որ այնտեղ արդեն առկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ: Օգոստոսից թուրքական զորքերի մի մասը գտնվում է Ադրբեջանում, նրանք համատեղ զորավարժություններ են իրականացրել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հենց այդ զորավարժությունների ընթացքում է նախապատրաստվել Արցախի և Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հաշվի առնելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդն այս պատերազմը դիտարկում է, որպես էքզիստենցիալ վտանգ:
«Հայաստանը պետք է օգտագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, պարտադրի, որ Թուրքիան դուրս գա ընդհանրապես այս տարածաշրջանից, որովհետև այստեղ նրա ներկայությունը կարող է հետագայում ընդլայնել այս պատերազմի շրջանակները: Պարտադրի, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի մարտական գործողությունները»,- ասաց վարչապետը:
Կարծիքներ