Կահիրեի աշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով՝ ի պատիվ Հայաստանի անկախության 30-ամյակի

Կահիրեի աշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով՝ ի պատիվ Հայաստանի անկախության 30-ամյակի

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ Գեզիրի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշով՝ ի նշանավորումն Խորհրդային Միությունից Հանրապետության անկախության 30-ամյակի:

Կահիրեում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը աշտարակը լուսավորվել է կարմիր, կապույտ և ծիրանագույն գույներով։

Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչները Նեղոս գետի վրայով նավարկել են ու ավելի մոտիկից դիտել և լուսանկարել աշտարակի եռագույն դրոշը։

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը նույնպես լուսավորվել էր եռագույնով։

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշեց անկախության 30-րդ տարեդարձը: 30 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում