Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան

Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի վերջին հայտարարություններից մեկին:

«Ըստ Էդմոն Մարուքյանի՝ մենք Ադրբեջանից նավթամթերք ենք գնում, հետևաբար ֆինանսավորում ենք Ադրբեջանի բանակը։

Մենք Թուրքիայից էլ ենք ապրանքներ գնում, հետևաբար ֆինանսավորում ենք ոչ միայն Թուրքիայի բանակը, այլև ՆԱՏՕ-ին։

Ապրանքներ ենք գնում Ռուսաստանից, բնականաբար ֆինանսավորում ենք ռուսական բանակը և փաստորեն Ուկրաինայի վրա հարձակումը։

Ուկրաինական կոնֆետներ բերելով՝ փաստորեն մենք ֆինանսավորում ենք ուկրաինական բանակը, և փաստորեն մեր շնորհիվ է նաև, որ Ուկրաինան էսքան դիմադրում է։

Իմիջիայլոց, Արևմուտքը և Ռուսաստանը միլիոնավոր և միլիարդավոր դոլարների առևտուր են անում՝ ուժեղացնելով միմյանց բանակները, ափսոս, այնտեղ Լուսավոր Հայաստան չկա, որ լուսավորի մարդկանց, թշնամական բանակները չուժեղացնեն։

Չինական ապրանքների պակաս չկա Հայաստանում։ Փաստորեն ֆինանսավորում ենք Չինական բանակը, և Աստված չանի՝ մի բան սկսի Թայվանի շուրջ, մեղավոր դուրս կգանք չին-թայվանական կռվի մեջ։

Մեր զբոսաշրջիկները սիրում են գնալ Թաիլանդ։ Այնտեղ գումարներ ծախսելով՝ մենք հզորացնում ենք Թաիլանդի բանակը և փաստորեն մեր համեստ լուման ունենք, որ թաիլանդական բանակը գրոհում է Կամբոջան»,- գրել է Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում